Տավուշ էկոպարեկներից փախչելիս փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը փախել է, ապա վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Տավուշի մարզում էկոպարեկներից փախուստի դիմելու փորձի ընթացքում փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գանձաքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։
«Վերջինիս վարորդը՝ Գանձաքարի բնակիչ Հ․ Մ․-ն, նկատելով էկոպարեկներին, փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է: Մեքենայի վարորդը, առանց մարմնական վնասվածքներ ստանալու, դուրս է եկել մեքենայից և փախուստի դիմել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է դեպքի վայր և էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մեքենայում առկա փայտանյութը տեղափոխում էր առանց համապատասխան փաստաթղթերի առկայության», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով բեռնված փայտանյութի մեծ մասը թափվել է անտառի խորքում գտնվող անանցանելի հատված, որտեղից հնարավոր չի եղել դուրս բերել թափված փայտանյութը։
Ճանապարհի եզրին ընկած փայտանյութի մյուս մասը վարորդը սեփական միջոցներով տեղափոխել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս։
Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իրականացվում է վարչական վարույթ։

