Ողբերգական դեպք Երևանում․ ինքնագլորով երթևեկող 6–ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են

15.10.2026, 12:40
Երևանում 6–ամյա երեխա է մահացել․ դեպքի վայրում ինքնագլոր և արնանման հետքեր են հայտնաբերվել
Ողբերգական դեպք Երևանում․ ինքնագլորով երթևեկող 6–ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, բժիշկներն էլ հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

Պարեկներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան տեղափոխվել է Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, երեխան ինքնագլորով կամ բախվել է «Lexus»-ին, կամ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել երեխային։

Դեպքի վայրում հայտնաբեվել են ինքնագլորը և արնանման հետքեր։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։