Փաշինյանը չի բացառել Արծվաշենը տեղափոխելու տարբերակը (ՎԻԴԵՈ)

15.10.2026, 13:48
Գաղափարներից մեկը կարա լինի, որ Արծվաշենը տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում, մոտեցվում է՝ մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով, նշել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
Փաշինյանը չի բացառել Արծվաշենը տեղափոխելու տարբերակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Արծվաշեն գյուղը տեղափոխելու հնարավորությունը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծման տարբերակ։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ։ Այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք, բայց, օրինակ, կարա լինի հետևյալը․ գաղափարներից մեկը կարա լինի, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում, մոտեցվում է՝ մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով, մի քիչ ուղիղ տանելով, մի քիչ երկայնակի։ Բայց գաղափարն այն է, որ գյուղը չենք փակում, ընդհակառակը, վերստեղծում ենք»,- ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ նման տարբերակի նպատակն այն է, որ Արծվաշենի և Հայաստանի մնացած տարածքի միջև Ադրբեջանի տարածք չլինի, և մարդիկ ստիպված չլինեն իրենց տուն հասնելու համար մի քանի անգամ սահման հատել։

«Բայց սրա համար ի՞նչ է պետք։ Պետք է մենք իմանանք՝ Արծվաշենը ո՞րն է, նկատի ունեմ՝ սահմանազատումը, ինչքա՞ն է տարածքը՝ համաձայն այն քարտեզների, որոնցով մենք սահմանազատում ենք իրականացնում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ բնակավայրը տեղափոխելու հնարավոր տարբերակը քննարկված չէ մանրամասների մակարդակով։ Մասնավորապես, դեռ հստակ չէ, թե ինչպես այն կարող է իրականացվել իրավական առումով և արդյոք դրա համար հանրաքվե կպահանջվի։

«Ես խոսում եմ հնարավոր քաղաքական լուծման մասին, այսինքն՝ խոսքը բնակավայրը տեղափոխելու և այնպես տեղադրելու մասին է, որ արանքում մյուս երկրի տարածք չլինի, որ մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահման հատել»,- ասաց Փաշինյանը։

 

Կարդացեք նաև․ Տիգրանաշեն. ի՞նչ է հայտնի Հայաստանի դիրքորոշման և Ադրբեջանին հնարավոր փոխանցման մասին