Ի՞նչ կտա էներգետիկ ինտեգրումը Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ․ փորձագետը պարզաբանում է

14.10.2026, 21:15
Նրա խոսքով՝ նախագծի հաջող իրականացման առանցքային պայմանը չորս պետությունների միջև փոխկախված էներգետիկ համագործակցության ձևավորումն է
Ի՞նչ կտա էներգետիկ ինտեգրումը Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ․ փորձագետը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ միջպետական էներգետիկ կապերի զարգացումը կարող է տնտեսական օգուտներ բերել Հայաստանին որոշակի պայմանների պահպանման դեպքում: Նման կարծիք է հայտնել տեխնիկական գիտությունների թեկնածու, ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

«Հույս ունեմ, որ դա իրատեսական կլինի: Այս նախագծի իրականացումը շահավետ է Հայաստանի համար, բայց միայն այն դեպքում, եթե գերիշխող դառնա «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հայկական տեսլականը», — ասել է Մարջանյանը Երևանում «Ատոմ՝ ապագայի էներգիա» երիտասարդական կրթական սեմինարի շրջանակում:

Նրա խոսքով՝ նախագծի հաջող իրականացման առանցքային պայմանը չորս պետությունների միջև փոխկախված էներգետիկ համագործակցության ձևավորումն է։

«Նշված չորս պետությունների միջև պետք է պահպանվի ներառական և փոխկախված էներգետիկ համագործակցություն, այլ ոչ թե միմյանց օգտագործում որևէ նպատակով, ասենք՝ տարանցման համար», — նշել է փորձագետը:

Տեխնիկական իրագործելիություն և ներդրումներ

Մարջանյանը կարծում է, որ չորս երկրների էներգահամակարգերի միավորման համար տեխնիկական խոչընդոտներ չկան։

«Ձեր նշած երեք երկրներն աշխատել են զուգահեռ ռեժիմով միմյանց հետ, և դա որևէ խնդիր չի առաջացրել», — ասել է նա՝ պատասխանելով նախագծի տեխնիկական իրագործելիության մասին հարցին։

Փորձագետի գնահատմամբ՝ ֆինանսավորումը նույնպես խոչընդոտ չէ նման նախաձեռնությունների իրականացման համար։

«Ներդրումները և փողը ներկայումս բացարձակապես խնդիր չեն: Խնդիրը կայուն և մտածված նախագծերն են: Փող լիքն է, [պակասում են] մտքերն ու քաղաքական կամքը», — նշել է Մարջանյանը:

Ընդ որում, միջպետական էլեկտրական կապերի զարգացումը պարտադիր չէ, որ ենթադրի ազգային էներգահամակարգերի լիակատար սինխրոնացում: Մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի էներգետիկ միացման նախագիծը նախատեսում է HVDC հաստատուն հոսանքի ձևափոխիչ կայանի կառուցում, որը թույլ է տալիս իրականացնել էլեկտրաէներգիայի փոխանակում՝ առանց երկու էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի:

Հայաստանի միջպետական էներգետիկ կապերի զարգացման մասին

Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ երկրի էներգահամակարգերի սինխրոնացումը չորս հարևան պետությունների՝ Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Երևանի առաջնահերթություններից մեկն է ոչ միայն էլեկտրաէներգիայի առևտրի, այլև էներգահամակարգի կայունության ապահովման տեսանկյունից:

2026 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի էներգետիկ կարգավորողների ներկայացուցիչները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի ինտեգրման և Թուրքիայի էներգահամակարգին դրանց միացման հնարավորությունները:

Բացի այդ, հոկտեմբերի 5-ին Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի (Հայաստան) – Կարս (Թուրքիա) էլեկտրահաղորդման գծի վերականգնումն ու շահագործումը երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում:

Զուգահեռաբար Հայաստանն ու Իրանն աշխատում են 400 կՎ լարման երրորդ բարձրավոլտ ԷԼԳ-ի կառուցման ավարտի ուղղությամբ: Նախագծի շուտափույթ ավարտի հարցը քննարկվել է նաև հոկտեմբերի 5-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:

Բացի այդ, իրականացվում է 400 կՎ լարման Հայաստան–Վրաստան չորրորդ բարձրավոլտ ԷԼԳ-ի և հարակից էներգետիկ ենթակառուցվածքների, ներառյալ Այրումում ձևափոխիչ կայանի կառուցման նախագիծը:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է, որն ուղղված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների, ներառյալ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ անդրսահմանային կապերի զարգացմանը:

Նախագիծը նախատեսում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և Հայաստանի ու հարևան երկրների միջև փոխկապակցված ենթակառուցվածքների զարգացում՝ ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով:

Հայաստանի իշխանությունների մտահղացմամբ՝ նախաձեռնության իրականացումը պետք է նպաստի Հայաստանի վերածմանը տարածաշրջանային տարանցիկ և լոգիստիկ հանգույցի, առևտրի ընդլայնմանը և տնտեսական համագործակցության ամրապնդմանը:

Ընդ որում, «Խաղաղության խաչմերուկն» իրենից ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային ենթակառուցվածքային նախաձեռնություն և չորս պետությունների էներգահամակարգերի սինխրոնացման առանձին հաստատված նախագիծ չէ: