70 պտույտ՝ երկու շարժվող բեռնատարների միջև․ հայ մարզիկը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Թալին համայնքում գրանցվել է ուշագրավ մարզական արդյունք։
«Հայ-Էմ» հիմնադրամի Դյուցազնատուն մարզական կենտրոնի տնօրեն, մարզիչ և Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը գերազանցել է մայիսին սահմանած իր նախորդ՝ «Մեծ պտույտ ետ» վարժության 25 պտույտի ցուցանիշը՝ սահմանելով նոր ռեկորդային արդյունք, նշվում է Թալինի համայնքապետարանի Facebook–յան էջում։
«Բարերար, սպորտի վարպետ Էմին Եղիազարյանի աջակցությամբ մարզիկը երկու՝ 5 կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարների միջև տեղադրված պտտաձողի վրա անընդմեջ կատարել է 70 պտույտ՝ ցուցադրելով բացառիկ մարզական կարողություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ռեկորդի չափման տեսանյութերն ուղարկվել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրասենյակ՝ պաշտոնական հաստատման նպատակով։
2021 թվականից մինչ օրս «Հայ-Էմ» Դյուցազնատան մարզիկների կողմից գրանցվել է Գինեսի համաշխարհային 33 տարատեսակ ռեկորդ։

