Հանգստի գոտի, մարզահրապարակ, շեզլոնգներով գոտի․ Երևանի Աղի լճի տարածքը կբարեկարգվի
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Աղի լճի հարակից տարածքում նախատեսվում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook-յան իր էջում։
Քաղաքապետի խոսքով՝ Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել և բարեկարգվել։
«Ծրագրով կբարեկարգենք լճամերձ արահետները, կանցկացնենք լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։ Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ», – գրել է Ավինյանը։
Ծրագրի իրականացման ժամկետների և նախատեսվող ֆինանսավորման ծավալների վերաբերյալ տեղեկություններ քաղաքապետը չի ներկայացրել։

