Մարզերից եկող մեքենան թողնել Երևանի մուտքի մոտ ու շարունակել ավտոբուսո՞վ․ փոխքաղաքապետը՝ առաջացած աղմուկի մասին
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է իր հարցազրույցի շուրջ առաջացած արձագանքները՝ նշելով, որ Երևանի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ ստեղծելու գաղափարը քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից է, այլ ոչ թե առաջիկայից ներդրվող համակարգ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Factor TV-ին տված հարցազրույցում Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, թե մարզերից Երևան ժամանող վարորդները մեքենաները պետք է թողնեն մայրաքաղաքի մուտքերի մոտ և քաղաքում շարունակեն տեղաշարժվել ավտոբուսով։
«Երեկ տվածս հարցազրույցը, ավելի ճիշտ՝ դրա բովանդակության հետ կապ չունեցող վերնագիրը, տարակուսանք է առաջացրել որոշ անձանց շրջանում։ Սա թերևս ցցուն օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ լրատվական նյութն ընկալվում է բացառապես վերնագրի մակարդակում», - գրել է փոխքաղաքապետը Facebook-յան իր էջում։
Նա նշել է, որ նախօրեին հարցազրույցի ընթացքում բավականին երկար խոսվել է Երևանի երթևեկության խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին։
«Մասնավորապես, անդրադարձել եմ այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի Երևան ժամանող մեր հայրենակիցները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։
Հատուկ ընդգծել եմ, որ խոսքը ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել։
Ավելին՝ այս թեմայի վերաբերյալ իմ առաջին իսկ միտքն այն էր, որ կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել», - հայտնել է Գրիգորյանը։

