ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրային գերակա շահ

15.10.2026, 12:12
Կառավարությունն ընդունեց որոշումը․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրային գերակա շահ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրային գերակա շահ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ արդեն դադարեցվել է ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի գործունեությունը։

«Դրանից հետո ՏԿԵ նախարարը գրությամբ դիմել է ՀԷՑ-ի բաժնետերերին՝ առաջարկելով ՀՀ սեփականության իրավունքով օտարել 100 տոկոս բաժնեմասերը: Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, ինչը նույնն է, թե ՀԷՑ-ի սեփականատերերը մերժել են կառավարության առաջարկը:

Սրանից հետո արդեն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված կարգով սկսվել է հանրային գերակա շահ ճանաչելու մասին ընթացակարգի ապահովումը: Կայացել են հանրային լսումներ, օրենքով սահմանված կարգով բոլոր գործողություններն արված են», - նշեց Խուդաթյանը կառավորության նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումն անվանեց սպասված և կանխատեսելի՝ նշելով, որ գործընթացի մասին նախապես հայտարարվել էր։

Միաժամանակ, նրա խոսքով, ակնկալիք կար, որ Հայաստանի համապատասխան մարմինները կուսումնասիրեն նաև ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը։

«Մեր պլանը հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք», - հայտարարեց Փաշինյանը։

ՀԷՑ-ի կարգավիճակի մասին

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պետությանը միջամտել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարմանը։ 2025 թվականի հուլիսի 18-ից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն է Ռոմանոս Պետրոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՀԷՑ-ն արդեն դե ֆակտո ազգայնացված է. ընկերությունը կանցնի պետական սեփականության և կհանձնվի հավատարմագրային կառավարման։

ՀԷՑ-ի և Սամվել Կարապետյանի քրեական գործի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարում է հանրապետության միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը և սպասարկում շուրջ 1 մլն բաժանորդի։

2016 թվականից ՀԷՑ-ի սեփականատերն է «Տաշիր» խումբը (սեփականատեր և նախագահ՝ Սամվել Կարապետյան)։ Ընկերության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում ցանցերի արդիականացմանն ուղղվել է շուրջ 680 մլն դոլարի ներդրում, ևս մոտ 150–200 մլն դոլար՝ նոր հզորությունների ստեղծմանը։

Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ Հայ առաքելական եկեղեցուն սատարելուց հետո իշխանության զավթման հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան մեղադրանքներ են առաջադրվել նաև հարկերից խուսափելու, գույքի հափշտակության, փողերի լվացման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։

Կարապետյանը չի ընդունում մեղքը։ Նրա պաշտպանները քրեական հետապնդումը որակում են քաղաքականապես մոտիվացված։