TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի Հայաստանի համար. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նոր դարաշրջան կբացի Հայաստանի և նրա տնտեսության համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ներկայումս մենք կենտրոնացած ենք TRIPP նախագծի իրականացման վրա: Այս նախագծի իրականացման արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային փոխկապակցվածությունը: 1990-ականների սկզբից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է, և TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և մեր տնտեսության համար», - նշել է Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
Վարչապետի խոսքով՝ առաջին հերթին Հայաստանը կունենա երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։
Նա հայտնել է, որ Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացմանը, ինչպես նաև դրա շրջանակում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկաթուղային կապի բացմանը։
«Ընդհանուր շրջանակում դա, ընդհանրապես, կփոխի միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև», - ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ կա նաև ևս մեկ շատ կարևոր նրբություն:
«Որպես արդյունք, որն ուղղակիորեն կապված չէ TRIPP-ի հետ, այլ որպես վերջնարդյունք, որպես TRIPP-ի զուգահեռ արդյունք, նաև կբացվի երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը ստեղծեց «Խաղաղության խաչմերուկ» անունով նախագիծը։ Մենք նույնիսկ բրենդավորում ունենք։ Այս նախագիծը դառնում է իրականություն», - նշել է Փաշինյանը:
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:
TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:

