Հիփոթեք՝ 0% կանխավճարով. ակցիա Ամերիաբանկի կողմից TOON Expo-ի շրջանակում

13.11.2026, 18:52
Ամերիաբանկը Երևանում նոյեմբերի 13–15–ն անցկացվող TOON Expo անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսի շրջանակում հանդես է գալիս հատուկ առաջարկով՝ բանկի հետ համագործակցող ընկերություններից ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով 0% կանխավճարով
Հիփոթեք՝ 0% կանխավճարով. ակցիա Ամերիաբանկի կողմից TOON Expo-ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիաբանկը Երևանում նոյեմբերի 13–15–ն անցկացվող TOON Expo անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսի շրջանակում հանդես է գալիս հատուկ առաջարկով՝ բանկի հետ համագործակցող ընկերություններից ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով 0% կանխավճարով։ Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրերին, հայտնել է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը:

«TOON Expo-ն մեզ համար երբեք պարզապես անշարժ գույքի ցուցահանդես չի եղել: Սա հարթակ է, որտեղ հանդիպում են շուկայի հիմնական մասնակիցները՝ կառուցապատողները, անշարժ գույքի գործակալությունները, տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունները և, իհարկե, մարդիկ, որոնք անշարժ գույք ձեռք բերելու նոր հնարավորություններ են փնտրում», — ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ անշարժ գույքի ձեռքբերումը մարդու կյանքում կարևորագույն ֆինանսական և զգացմունքային որոշումներից մեկն է: Ընդ որում, բանկի խնդիրն է ոչ միայն տրամադրել ֆինանսավորում, այլև ուղեկցել հաճախորդներին իրենց ծրագրերի իրականացման հարցում:

«Մարդիկ գնում են ոչ թե պարզապես քառակուսի մետրեր: Նրանք փնտրում են իրենց ապագա տունը, միջավայրը, որտեղ մեծանալու են իրենց երեխաները, որտեղ իրականանալու են իրենց երազանքները», — նշել է նա:

Հիփոթեքային ծրագրեր և թվային լուծումներ

Америабанк

Գևորգյանը հայտնել է, որ Ամերիաբանկն առաջարկում է տարբեր հիփոթեքային պրոդուկտներ, այդ թվում՝ փուլային վարկավորում, սուբսիդավորման մեխանիզմներով ծրագրեր, ինչպես նաև հիփոթեքի առցանց ձևակերպման հնարավորություն:

Մասնավորապես, Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել, վերանորոգել, կառուցապատել անշարժ գույք 12,9% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 13,68–15,37%)։

«Մենք ունենք հիփոթեքային վարկեր, որոնք կարելի է ձևակերպել MyHome հարթակի միջոցով և հաստատում ստանալ մի քանի րոպեի ընթացքում: Բացի այդ, մենք ավելացրել ենք առցանց վարկավորման ևս մեկ տեսակ՝ հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը, որի ողջ գործընթացը հաճախորդները նույնպես կարող են անցնել հեռավար», — պատմել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ թվային ծառայությունների զարգացումը մնում է բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը:

«Թվայնացման իրական արժեքը ժամանակի խնայողության և հարմարավետության մեջ է: Մենք ցանկանում ենք, որ հաճախորդներն ավելի շատ մտածեն իրենց ապագա տան, ընտանեկան ծրագրերի ու երազանքների մասին, իսկ ֆինանսավորման բարդ գործընթացները վստահեն մեզ», — ընդգծել է նա:

Անշարժ գույքի պահանջարկ՝ սփյուռքի կողմից

Գևորգյանը նաև նշել է Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ արտերկրում բնակվող հայրենակիցների հետաքրքրության աճը:

Նրա խոսքով՝ ամենաբարձր պահանջարկը նկատվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների շրջանում: Սփյուռքի ներկայացուցիչների համար բանկը մշակել է հիփոթեքային վարկավորման հատուկ արտոնյալ պայմաններ:

Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը հասել է 480 մլրդ դրամի

Գևորգյանի խոսքով՝ 2026 թվականի սկզբից Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն ավելացել է մոտավորապես 80 մլրդ դրամով և հասել շուրջ 480 մլրդ դրամի:

«Մենք ակնկալում ենք, որ տարին կավարտենք աննախադեպ՝ կես տրիլիոն դրամը գերազանցող հիփոթեքային պորտֆելով: Ընդ որում, խոսքն առողջ հիփոթեքային պորտֆելի մասին է», — հայտարարել է նա:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2026 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի հիփոթեքային շուկայում Ամերիաբանկի մասնաբաժինը կազմել է 24.1%:

Գևորգյանը նշել է, որ շուկայում առաջատար լինելը ենթադրում է ոչ միայն առևտրային հաջողություն, այլև պատասխանատվություն դրա կայուն զարգացման համար:

Վերջում նա TOON Expo-ի այցելուներին հրավիրել է ծանոթանալու Ամերիաբանկի առաջարկներին՝ առանձին ընդգծելով զրոյական կանխավճարով անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունը:

«Սա սահմանափակ առաջարկ է, որը գործում է միայն ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում: Ուստի կոչ ենք անում բոլոր հետաքրքրված անձանց հնարավորինս շուտ այցելել մեր տաղավար», — ասել է Գևորգյանը:

TOON Expo ցուցահանդեսի մասին

2022 թվականից ի վեր TOON EXPO–ն անցկացվել է արդեն 7 անգամ՝ Հայաստանում և արտերկրում։ Այս անգամ ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 150 անշարժ գույքի նախագիծ, կառուցապատման, ֆինանսական և հարակից ոլորտների ավելի քան 200 ընկերություն՝ Հայաստանից և արտերկրից։

Կազմակերպիչների հաստատված տվյալներով՝ նախորդ ցուցահանդեսների շրջանակում իրականացվել է ավելի քան 10,000 գործարք՝ շուրջ 950 մլն դոլար ընդհանուր արժեքով, իսկ այցելությունների ընդհանուր թիվը գերազանցել է 140,000–ը։