ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց TRIPP-ի վերաբերյալ ՀՀ–ԱՄՆ համաձայնագրի վավերացմանը․ ի՞նչ արդյունքներ կարող է ակնկալել Հայաստանը

21.10.2026, 16:56
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նախագծի իրականացման արդյունքում Հայաստանի ակնկալվող տնտեսական առավելությունները
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց TRIPP-ի վերաբերյալ ՀՀ–ԱՄՆ համաձայնագրի վավերացմանը․ ի՞նչ արդյունքներ կարող է ակնկալել Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացմանը։

Չորեքշաբթի հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է նախագծի իրականացման արդյունքում Հայաստանի ակնկալվող տնտեսական առավելությունները։

«Դա Հայաստանի ապաշրջափակումն է, Հայաստանի աննախադեպ տնտեսական հնարավորություններն են, Հայաստանի կապն է և Արևելքի, և Արևմուտքի հետ», – ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական առավելություններից բացի, նախագծի իրականացումը կնպաստի նաև խաղաղության ամրապնդմանը։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերն ու փոխկապակցվածությունը, ինչպես նաև Արևելք–Արևմուտք ճանապարհին գտնվող երկրների տնտեսական շահագրգռվածությունը կարող են դրական ազդեցություն ունենալ քաղաքական կայունության և խաղաղության ամրապնդման վրա։

Անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ TRIPP-ը երկու երկրների հարաբերություններում նոր մակարդակ է։

«Սա ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն այստեղ ունենալու է իր էական մասնակցությունը և հետապնդելու է իր տնտեսական շահերը», – ասել է Միրզոյանը։

Նախարարը հայտնել է նաև, որ համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ կլինի կատարել ևս մի քանի փաստաթղթային քայլ։

«Այս համաձայնագրի վավերացումից հետո մեզ կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ, այսինքն՝ մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, պետք է հաստատենք ընկերության կանոնադրությունը, և թերևս այսքանով TRIPP-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն», – ասել է նա։

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում նախագծի շրջանակում ստեղծվող ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության ներքո՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանմամբ։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է պատասխանատվություն կրել անվտանգության ապահովման և իրավապահ գործունեության, սահմանային անվտանգության, մաքսային և միգրացիոն հսկողության, ինչպես նաև պետական վարչարարության և վերահսկողության համար։

Պետության իրավասության ներքո կմնան նաև պետական տեղեկատվական համակարգերի հետ կապված լիազորությունները և հարկերի ու տուրքերի փոխանցումը պետական բյուջե։

Միրզոյանը նշել է նաև, որ նախագծի շրջանակում նախատեսվում է front office և back office ծառայությունների իրականացումը մասնավոր ընկերություններին կամ Հայաստանի քաղաքացիներին փոխանցելու հնարավորություն։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին: