Կնոջ գլուխը հարվածել է պատին, դանակը պահել՝ կոկորդին․ ՀՀ–ում ամուսինը մեղադրվում է կնոջ նկատմամբ բռնության մեջ

21.10.2026, 17:15
Ամուսինը կնոջ գլուխը հարվածել է պատին, սպառնացել է սպանել, ապա նրա մերկ լուսանկարներն ուղարկել հարազատներին
Կնոջ գլուխը հարվածել է պատին, դանակը պահել՝ կոկորդին․ ՀՀ–ում ամուսինը մեղադրվում է կնոջ նկատմամբ բռնության մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնանարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո խոհանոցային դանակը պահելով նրա կոկորդին՝ սպառնացել է սպանել: Նույն արարքն ամուսինը կրկնել է նաև 2024 թվականի հուլիսին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ամուսինը ցավագին ընդունելով կնոջ կողմից փաստացի ամուսնալուծվելու հանգամանքը, վերջինիս, նրա ազգականների մոտ վարկաբեկելու նպատակով, իր կողմից օգտագործված հեռախոսահամարի «Whatsapp» բջջային հավելվածի միջոցով 2024 թվականի օգոստոսին կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները:

Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ամուսինը հետամտել է իր կնոջը, այն է՝ նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների տարբեր հավելվածներով և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավել է անցանկալի հաղորդակցության մեջ՝ պարբերաբար հայհոյանքներ և սպառնալիքներ տալով վերջինիս և նրա հարազատների հասցեին:

«Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը) (2 դրվագ), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (2 դրվագ), 196.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հետամտելը), 204-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– նշվում են ՔԿ հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Երևանի ավտոբուսի աղմկահարույց միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ տղամարդը ձերբակալված է