«Երևանն ու Բաքուն չունեն միասնական մոտեցում ՀՀ Սահմանադրության հարցում»․ Միրզոյան

21.10.2026, 16:41
Ադրբեջանը հայտարարում է, որ նախաստորագրել է խաղաղության պայմանագիրը, սակայն պատրաստ չէ այն ստորագրել, քանի դեռ ՀՀ Սահմանադրությունն այսպիսին է, հայտարարել է Միրզոյանը
«Երևանն ու Բաքուն չունեն միասնական մոտեցում ՀՀ Սահմանադրության հարցում»․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը հայտարարում է, որ նախաստորագրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, սակայն պատրաստ չէ այն ստորագրել, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունն այսպիսին է։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ասում ենք՝ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա։ Այն, ինչ դուք մտածում եք, որ մտահոգիչ է, ամենակարճ ճանապարհը այդ մտահոգությունները փարատելու հենց նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելն է, որովհետև այդ պայմանագրում բոլոր հարցերի պատասխանը տրվում է», - նշել է Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կիսում այս հարցում Ադրբեջանի մոտեցումը, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարում է, որ չի կիսում Հայաստանի մոտեցումը։

Միրզոյանն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ չեն վարում Հայաստանի Սահմանադրության հարցով։

Նախարարը նաև հիշեցրել է, որ դեռևս Վաշինգտոնի գագաթնաժողովից առաջ՝ պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց անմիջապես հետո, Հայաստանը հայտարարել էր դրա ստորագրման վայրն ու ժամկետները քննարկելու պատրաստակամության մասին։

«Մեր այս մոտեցումը հիմա էլ է կիրառելի», - ընդգծել է Միրզոյանը։