Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ ներկայությամբ, սակայն վստահում է Հայաստանին․ Իրանի ԱԳ նախարարը՝ TRIPP–ի մասին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանն մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ ցանկացած ներկայությամբ, սակայն սերտ շփումներ է պահպանում Հայաստանի հետ և վստահում է հայկական կողմին: Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով TRIPP նախագծի և տարածաշրջանում ԱՄՆ ներկայության հետ կապված Թեհրանի հնարավոր մտահոգությունների մասին հարցին:
«Փաստացի, մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջը ԱՄՆ ցանկացած ներկայության վերաբերյալ, սակայն սերտ շփումներ ենք պահպանում մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց», — ասել է Արաղչին:
Նրա խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ հայկական կողմի գործողություններն ուղղված չեն Իրանի անվտանգության դեմ:
«Մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ: Իմ շատ լավ ընկերը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Թեհրանում էր: Մենք լավ խորհրդակցություններ ենք անցկացրել, և այսօր մեր նախագահը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ: Մենք սերտ շփումներ ենք պահպանում», — հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
TRIPP նախագծի մասին
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության նախագիծ է, որը կոչված է ապահովելու կապը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև:
Նախագիծը նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ձեռք բերած համաձայնություններով: Դրա իրականացումը ենթադրում է ամերիկյան կողմի մասնակցությունը՝ համապատասխան տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ:

