ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը հայտնել է Բաքվում նրանց նկատմամբ շարունակվող խոշտանգումների մասին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Բաքվում պահվող հայ գերիների խոշտանգումները շարունակական բնույթ են կրում և համակցված են անմարդկային վերաբերմունքով, հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը․ երբեմն կարող է հակադարձում լինել, թե ինչպես կարող ենք, տեղեկատվության պակասի պարագայում, հետևություններ կատարել նրանց խոշտանգումների վերաբերյալ, երբ չենք այցելում, չենք տեսնում», - ասել է Սահակյանը «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովում։
Նրա խոսքով՝ խոշտանգումների մասին եզրահանգումները հիմնված են առկա փաստերի համադրման և որոշակի մեթոդաբանության կիրառման վրա։
«Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում, և եթե համակցենք, ապա կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վեր է, որ խոշտանգումներ կան, շարունակական բնույթ են կրում, և համակցված են նաև անմարդկային վերաբերմունքով», - ասել է Սահակյանը։
Նա նաև նշել է, որ խոշտանգումների դեպքերի արձանագրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ Ադրբեջանից վերադարձած հայ գերիների ցուցմունքների հիման վրա:
«Հայրենադարձված գերիների առնչությամբ մենք շարունակում ենք խոշտանգումների վերաբերյալ գործերը և ստացված վկայությունների, բժշկական փաստաթղթերի միջոցով կարողանում ենք ռետրոսպեկտիվ հայացք նետել նաև Բաքվում գտնվելու ժամանակահատվածին և օբյեկտիվ տեղեկություններով հաստատել խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի փաստը։ Չափազանց կարևոր նշանակություն ունի նաև խոշտանգվածի ցուցմունքը», - ասել է Սահակյանը
Բաքվում պահվող հայ գերիների մասին
2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման։ Ցմահ ազատազրկում նրանց նկատմամբ չի կիրառվել տարիքի պատճառով. երկուսն էլ 65-ից բարձր են։
Փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ստույգ թիվն անհայտ է։
Բաքվում հայտարարում են շուրջ 30 պահվող հայերի մասին, մինչդեռ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ նրանց փաստացի թիվը կարող է մոտ 80-ով ավելի լինել։

