«Ռոսատոմը» պատրաստ է մասնակցել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2046 թ.-ը երկարաձգելուն. «Ռոսատոմ»-ի տնօրեն

29.09.2026, 17:57
Ըստ նրա՝ մինչև 2046 թ.-ը ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը  կպահանջի լուրջ ներդրումներ
«Ռոսատոմը» պատրաստ է մասնակցել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2046 թ.-ը երկարաձգելուն. «Ռոսատոմ»-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Ռոսատոմը» պատրաստ է մասնակցել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին մինչև 2046 թ.-ը, եթե համապատասխան որոշում ընդունվի։

Այս մասին, ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով ճեպազրույցում հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Մեզ հայտնի է, որ Հայաստանի իշխանությունները, հայ միջուկային գիտնականներն ուսումնասիրում են 2036-ից մինչև 2046 թ.-ը երկարաձգման հարցը։ Այստեղ երկու պահ կա. Առաջին՝ տեսականորեն նման հնարավորություն կա, մենք պատրաստ ենք կազմակերպել այդ աշխատանքը, եթե նման որոշում ընդունվի։ Բայց տեխնիկական հնարավորությունից բացի, պետք է խոսել տնտեսական նպատակահարմարության մասին», - ասել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2046 թ.-ը կպահանջի լուրջ ներդրումներ, որոնց շրջանակում «Ռոսատոմը» նշում է հարյուրավոր միլիոն դոլարներ թիվը։

Լիխաչովը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է անվտանգության և ավտոմատացման համակարգերի արդիականացմանը, անհրաժեշտ բնութագրերի ապահովման նպատակով ռեակտորի իրանի կրկնակի թրծմանը, ինչպես նաև չօգտագործված միջուկային վառելիքի պահպանման հզորությունների ընդլայնմանն ու վերանորոգմանը։

«Ռոսատոմի» տնօրենի խոսքով՝ համապատասխան կապիտալ ծախսերը կարող են հանգեցնել 2036–2046 թթ.-երի ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արժեքի աճին։

«Հնարավոր է նույնիսկ էլեկտրաէներգիայի արժեքի կրկնակի աճ, եթե կատարվի մինչև 2046 թ.-ը երկարաձգման աշխատանքների ամբողջ ծավալը», -ասել է նա։

Որպես այլընտրանք՝ Լիխաչովը նշել է գործող էներգաբլոկի շահագործման սահմանափակումը 2036 թ.-ով և նոր բլոկի կառուցման մասին որոշման հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունումը։

Ընթացիկ երկարաձգման մասին

Խոսելով Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թ.-ը երկարաձգելու մասին՝ Լիխաչովը հայտնել է, որ կողմերն արդեն անցել են համապատասխան աշխատանքների երկրորդ փուլին։

«Մենք սահուն անցում ենք կատարել արդեն մինչև 2036 թ.-ը երկարաձգման երկրորդ փուլին, որը մասամբ պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչև 2031-ը և 2031-ից մինչև 2036 թ.-ը։ 2031 թ.-ի հետ կապված աշխատանքների մեծ մասը կատարված է, և մենք նախօրեին աշխատանքային խմբի շրջանակում արձանագրել ենք արտադրական առաջադրանքի 100%-ոց կատարում», - ասել է նա։

Լիխաչովի խոսքով՝ հետագա աշխատանքները կշարունակվեն՝ հիմքում ունենալով 2036 թ.-ի ուղենիշը։

«Թե՛ ես, թե՛ մեր մասնագետները կասկած չունենք, որ կայանի [շահագործման ժամկետը խմբ.] կերկարաձգվի մինչև 2036 թ.-ը», — հայտարարել է նա։

Ընդ որում՝ «Ռոսատոմի» տնօրենն ընդգծել է, որ վերջին խոսքը պետք է ասի շահագործող կազմակերպության՝ հենց կայանի և կարգավորողի՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն։

Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմի» վստահությունը հիմնված է, մասնավորապես, Կոլայի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման փորձի վրա, որտեղ աշխատում են ՎՎԷՌ-440 ռեակտորներով չորս նմանատիպ էներգաբլոկներ։

«2036 թ.-ի տեսլականը մեզ մոտ որևէ կասկած և մտահոգություն չի առաջացնում։ Պարզապես պետք է թևքերս ծալենք և ավարտին հասցնենք այդ աշխատանքը», - ասել է Լիխաչովը։

Հայկական ԱԷԿ-ի մասին

Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք:

Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը: Նրա ռեսուրսը երկարաձգված է մինչև 2026 թվականը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ:

Հայաստանը նախատեսում է 8-10 տարվա ընթացքում կառուցել նոր ԱԷԿ, այժմ համեմատվում են տարբեր տարբերակներ և ուսումնասիրվում է գործընկերների փորձը: Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս հարցով բանակցություններ են ընթանում հինգ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ:

Հայկական կողմի քննարկմանն է արդեն ներկայացվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ: Նրա խոսքով՝ մասնավորապես հնարավորություն կա 50 ՄՎտ-անոց բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր: