Ձմռանն ընդառաջ Հայաստանում կուժեղացվի բարձր լարման բոլոր ենթակայանների վերահսկողությունը․ ՀԷՑ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են գլխավոր տնօրենի տեղակալները, բոլոր մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի շահագործման շրջանների պետերն ու գլխավոր ինժեներները։
Ժամանակավոր կառավարիչը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության բոլոր բարձր լարման ենթակայաններում, կատարել անհրաժեշտ կարգաբերման աշխատանքներ, մանրամասն ուսումնասիրել և պատշաճ հասցեագրել բաշխման ցանցում առկա խնդիրները՝ ձմեռային սեզոնին համակարգի անխափան և հուսալի աշխատանքը երաշխավորելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձմեռային սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները, առանձնակի վերահսկողություն պահանջող տարածքները, վթարավերականգնողական աշխատանքների տևողությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ցուրտ եղանակին էլեկտրաէներգիայի սպառման բեռի ավելացմանը զուգահեռ առաջացող հնարավոր խնդիրները։

