Ամերիաբանկը հայտնել է արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար տրամադրվող ներդրումային վարկերի ծավալի 54% աճի մասին

13.11.2026, 19:07
Արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ամերիաբանկի կողմից տրամադրվող ներդրումային վարկերի ծավալն աճել է 54%-ով՝ նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, այս ուղղությամբ վարկային պորտֆելը գերազանցել է 20 մլրդ դրամը
Ամերիաբանկը հայտնել է արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար տրամադրվող ներդրումային վարկերի ծավալի 54% աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ամերիաբանկի կողմից տրամադրվող ներդրումային վարկերի ծավալն աճել է 54%-ով՝ նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, այս ուղղությամբ վարկային պորտֆելը գերազանցել է 20 մլրդ դրամը:

Այս մասին հայտնել է Ամերիաբանկի գրավով ապահովված և ներդրումային վարկերի գծով պրոդուկտ-մենեջեր Գրիգոր Աբաջյանը:

Նրա խոսքով՝ բանկը սկսել է ներդրումային վարկեր տրամադրել 2023 թվականին: Վարկավորման ծավալների աճն Աբաջյանը կապում է արտասահմանյան անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ հաճախորդների հետաքրքրության մեծացման հետ:

Որ երկրներն են հետաքրքրում հաճախորդներին

Աբաջյանի խոսքով՝ բանկի հաճախորդների շրջանում անշարժ գույք ձեռք բերելու առումով ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում են Արաբական Միացյալ Էմիրությունները, առաջին հերթին՝ Դուբայը, ինչպես նաև Հունաստանը, Կիպրոսը և Իսպանիան:

«Հենց այս ուղղություններին է բաժին ընկնում հաճախորդների հիմնական հոսքը: Սակայն մենք տրամադրում ենք ֆինանսավորում ցանկացած երկրում անշարժ գույք ձեռք բերելու համար, ևունենք հաճախորդներ, որոնք հետաքրքրված են նաև այլ շուկաներով», — ասել է նա։

Ինչպես նշել է բանկի ներկայացուցիչը, արտասահմանյան անշարժ գույքը հաճախորդները ձեռք են բերում առավելապես ներդրումային նպատակներով, այդ թվում՝ հետագայում վարձակալության հանձնելու համար:

Անշարժ գույքի ձեռքբերման գործընթացն ուղեկցելու համար Ամերիաբանկը համագործակցում է արտասահմանյան անշարժ գույքի գործակալությունների և կառուցապատողների հետ:

Վարկավորման պայմանները և առցանց հաստատումը

Ամերիաբանկի ներդրումային վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Բանկի տեղեկատվության համաձայն՝ տարեկան տոկոսադրույքները կազմում են 8.5% եվրոյով վարկերի դեպքում և 9.5%՝ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում:

ՀՀ դրամով վարկերի համար նախատեսված են տարեկան 13.75% տոկոսադրույք՝ առցանց հաստատման դեպքում, և 14%՝ առանց առցանց հաստատման ձևակերպելու դեպքում:

Բացի այդ, բանկը տրամադրում է ներդրումային վարկերի նախնական հաստատման հնարավորություն առցանց ռեժիմում:

«Այսօր մեր հաճախորդները կարող են առցանց ստանալ մինչև 100 հազար դոլար կամ 100 հազար եվրո գումարի չափով վարկի նախնական հաստատում: Դրանից հետո մնացած ընթացակարգերը կարելի է շարունակել բանկի մասնաճյուղում՝ արդեն նախնական հաստատված վարկով», — պարզաբանել է Աբաջյանը:

Նրա խոսքով՝ առցանց նախնական հաստատման ներդրումն ուղղված է վարկերի ձևակերպման ժամանակի կրճատմանը:

Գործարքների իրավաբանական ուղեկցում

Ամերիաբանկը նաև համագործակցում է տարբեր երկրների անշարժ գույքի գործակալությունների և կառուցապատողների հետ, որոնք կարող են հաճախորդներին մատուցել հարակից ծառայություններ անշարժ գույք ձեռք բերելիս:

Ընդ որում, ինչպես հստակեցրել է Աբաջյանը, բանկն ինքը գործարքների իրավաբանական ուղեկցման ծառայություններ չի մատուցում:

«Օրինակ, եթե հաճախորդը ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել Հունաստանում, մենք ունենք գործընկերներ, որոնք աշխատում են այդ երկրում և առաջարկում են իրավաբանական խորհրդատվություն և այլ հարակից ծառայություններ», — հայտնել է նա:

Բանկի ներկայացուցչի խոսքով՝ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը թույլ է տալիս հաճախորդներին ստանալ խորհրդատվություն անշարժ գույքի ձեռքբերման և համապատասխան գործարքների ձևակերպման հարցերի վերաբերյալ: