ՀՀ ԱԺ-ն ընդունել է TRIPP Development Company-ի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովը հինգշաբթի կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման նպատակով TRIPP Development Company ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Նույն օրն ավելի վաղ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փաթեթը։ Կողմ էր քվեարկել 64 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Խորհրդարանական ընդդիմությունը նիստին չի մասնակցել։
Ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը դրա ընդունման անհրաժեշտությունը կապել է TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հետ։ Ազգային ժողովն այդ համաձայնագիրը վավերացրել է 2026 թվականի հոկտեմբերի 28-ին։
Նրա խոսքով՝ TRIPP Development Company-ի հիմնադրման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և մի շարք հարակից օրենքներում։
Իրավական կարգավորման նոր մեխանիզմ
Ինչպես պարզաբանել է Դադունցը, փոփոխություններով ներդրվում է մեխանիզմ, որը միջազգային համագործակցության շրջանակում ստեղծվող ընկերությունների գործունեության համար կապահովի ճկուն և կանխատեսելի իրավական հիմք։
Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենսդրությունը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս հաշվի առնել միջազգային համագործակցության շրջանակում համաձայնեցված կորպորատիվ կառավարման պայմանները, այդ թվում՝ մասնակիցների իրավունքները, կառավարման մարմինների ձևավորման և որոշումների ընդունման ընթացակարգերը։
Փոխնախարարի խոսքով՝ նոր մեխանիզմը կիրառելի կլինի ոչ միայն TRIPP-ի, այլև միջազգային համաձայնագրերի հիման վրա ստեղծվող այլ ընկերությունների նկատմամբ, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, տրանսպորտային, էներգետիկ և ներդրումային նախագծերի շրջանակում։
Հատուկ իրավական կարգավորումները կարող են կիրառվել երկու պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում.
-ընկերությունը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրականացման նպատակով,
-ընկերությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության բաժնեմասը կազմում է առնվազն 25%։
Ընդ որում, հատուկ կանոնները կարող են սահմանվել միայն օրենքով նախատեսված հարցերի շրջանակում։
Դադունցը պարզաբանել է, որ 25%-ի շեմը կապված է բաժնետիրական ընկերություններում կարևորագույն որոշումների ընդունման պահանջների հետ։ Եթե պետության բաժնեմասը նվազի այդ մակարդակից, հատուկ իրավական ռեժիմն այլևս կիրառելի չի լինի։
Հստակեցումներ երկրորդ ընթերցմամբ
Երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով փաթեթը՝ Դադունցը հայտնել է, որ կառավարության առաջարկներն ուղղված են հասկացությունների միասնականացմանը և լրացուցիչ երաշխիքների ամրապնդմանը։
Մասնավորապես, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում սահմանվում է «միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն» հասկացությունը, որը կկիրառվի նաև փաթեթում ընդգրկված մյուս օրենքներում։
Հստակեցվել են նաև բաժնետերերի ընդհանուր ժողովում և ընկերության խորհրդում քվեարկության կանոնները։ Առավել կարևոր որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների շեմը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված մակարդակից. այն կարելի է բարձրացնել, բայց ոչ նվազեցնել։
Բացի այդ, փոփոխությունները կառավարությանը հնարավորություն են տալիս հավանություն տալ նման ընկերությունների կողմից ստեղծվող դուստր ընկերությունների գործունեությունը կարգավորող հատուկ կանոններին։ Դադունցի խոսքով՝ դա լրացուցիչ երաշխիքներ կապահովի պետության՝ որպես բաժնետիրոջ շահերի պաշտպանության համար։
Առանձին հստակեցումներ են կատարվել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մեջ։
Փոխնախարարը պարզաբանել է, որ միջպետական ծրագիր իրականացնող ընկերությունը կարող է համակարգել կապալառուների աշխատանքը կամ ստանալ պետական աջակցություն, ինչը հստակ կարգավորումների բացակայության դեպքում կարող է հակամրցակցային դրսևորումների ռիսկեր առաջացնել։
Սակայն նախատեսվող բացառությունները բացարձակ չեն և կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ ընկերության համապատասխան գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի նպատակներով։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վավերացված շրջանակային համաձայնագրի համաձայն՝ TRIPP Development Company-ում հայկական կողմի մասնակցությունը նախատեսվում է 26%, իսկ ամերիկյան կողմինը՝ 74%։

