Ի՞նչ է անվճար տրամադրվում շաքարային դիաբետ ունեցողներին Հայաստանում․ դեղերից մինչև չափող սարքեր
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արյան մեջ շաքարի մակարդակի ամենօրյա վերահսկում, դեղորայքի կանոնավոր ընդունում, բժշկական հետազոտություններ․ շաքարային դիաբետով ապրող մարդկանց համար այս ամենն առօրյայի անբաժանելի մասն է։ Հիվանդության կառավարումը պահանջում է ոչ միայն մշտական ուշադրություն առողջությանը, այլև ֆինանսական ծախսեր։
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում կամ չի կարողանում արդյունավետ օգտագործել այն։ Արդյունքում արյան մեջ բարձրանում է գլյուկոզայի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել առողջական լուրջ բարդությունների։
Հայաստանում դիաբետ ունեցող մարդկանց բուժման հետ կապված ծախսերի մի մասը հոգում է պետությունը՝ անվճար տրամադրելով ինսուլին, դեղամիջոցներ, արյան մեջ շաքարի մակարդակը չափող սարքեր և այլ բժշկական պարագաներ։ Ընդ որում, տրամադրվող աջակցության շրջանակը կախված է պացիենտի տարիքից և բուժման առանձնահատկություններից։
Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը, ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետական ծրագրեր են գործում Հայաստանում, և ովքեր կարող են օգտվել դրանցից։
Ի՞նչ անվճար աջակցություն է տրամադրվում դիաբետ ունեցողներին

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է շաքարային դիաբետ ունեցող անձանց պետական աջակցության ծրագրերը։
Մասնավորապես՝
- Մինչև 18 տարեկան պացիենտներին տրամադրվում է ծանր հիպոգլիկեմիայի դեպքում անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված դեղամիջոց։
- Մինչև 40 տարեկան ինսուլինակախյալ պացիենտներին տրամադրվում են երկու տեսակի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ և ասեղներ։
- Մինչև 40 տարեկան պացիենտներին անվճար տրամադրվում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափող սարքեր և թեստ-երիզներ։
- Մինչև 28 տարեկան պացիենտներին տրամադրվում են կետոնային մարմինների ստուգման թեստ-երիզներ։
Բացի այդ, շաքարային դիաբետ ունեցողներին պետական ծրագրերով տրամադրվում են եվրոպական արտադրության մարդկային ինսուլինի երեք տեսակ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորող դեղամիջոցներ։
Հայաստանում բացվել է դիաբետիկ ոտնաթաթի առաջին կենտրոնը
Նախարարությունը կարևոր ձեռքբերում է համարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Հայաստանում առաջին դիաբետիկ ոտնաթաթի կենտրոնի բացումը։
Կենտրոնը ստեղծվել է Առողջապահության նախարարության և Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցությամբ՝ Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։
Այն հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել և բուժել դիաբետիկ ոտնաթաթի բարդությունները։
Միաժամանակ Երևանում և մարզերում շարունակվում են դիաբետ ունեցող անձանց ակնաբուժական զննումները՝ տեսողությանը սպառնացող բարդությունները ժամանակին հայտնաբերելու նպատակով։
Ընդլայնվում է նաև դիաբետի դպրոցների աշխարհագրությունը՝ ընդգրկելով նոր համայնքներ։ Դրանց նպատակն է բարձրացնել հիվանդության ամենօրյա կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը։
Ինչո՞ւ է կարևոր վաղ ախտորոշումը
Նոյեմբերի 14-ին նշվող Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն այս տարի անցկացվում է «Վաղ գործե՛ք դիաբետի դեմ» խորագրով։
Մասնագետները հիշեցնում են, որ հիվանդության վաղ հայտնաբերումը, ժամանակին բուժումն ու արյան մեջ շաքարի մակարդակի կանոնավոր վերահսկումը կարող են օգնել կանխել լուրջ բարդությունները և պահպանել կյանքի որակը։

