Երևանում տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

14.11.2026, 13:52
Թանկարժեք մեքենան ու «գոլդ» համարանիշը արտոնություն չեն տալիս․ Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման գործով ձերբակալված կա
Երևանում տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

Նրա խոսքով՝ վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ազարյանը միաժամանակ կոչ է արել քաղաքացիներին և վարորդներին հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել հանրային տրանսպորտի վարորդների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

«Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում», – նշել է Ազարյանը։

Նա ընդգծել է, որ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքն անթույլատրելի և դատապարտելի են։

«Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ», – հայտարարել է քաղաքապետի խոսնակը։

Միջադեպի մասին

Նոյեմբերի 13-ին Երևանում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, միջադեպ էր տեղի ունեցել թիվ 2 երթուղու տրոլեյբուսի և Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդների միջև։

NEWS.am-ի տեղեկություններով՝ մարդատար ավտոմեքենան խոչընդոտել էր տրոլեյբուսի երթևեկությանը, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն էր սկսվել։ Ըստ լրատվամիջոցի՝ ավտոմեքենայի վարորդը վիրավորել և թքել էր տրոլեյբուսի վարորդի վրա, փորձել բացել տրոլեյբուսի դուռը, այնուհետև տեղի էր ունեցել քաշքշուկ։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ միջադեպը սկսվել էր տրոլեյբուսի վարորդի տված լուսային ազդանշանից, որով նա փորձել էր մյուս վարորդին հորդորել առաջ շարժվել։

Պետրոսյանի խոսքով՝ ուղևորների միջամտությամբ իրավիճակը հանդարտվել էր, իսկ տրոլեյբուսի վարորդը շարունակել էր աշխատանքը։

ՆԳՆ-ն նոյեմբերի 13-ին հայտնել էր, որ դեպքի առնչությամբ մեկ անձ հայտնաբերվել է, և նյութեր են նախապատրաստվում Քննչական կոմիտե փոխանցելու համար։