«Սա հերթական հնարավորությունն է մեր իրավունքների պաշտպանության համար պայքարելու»․ արցախցիների ակցիան COP17-ին ընդառաջ

15.10.2026, 12:00
Արցախցիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում COP17-ի նախաշեմին
«Սա հերթական հնարավորությունն է մեր իրավունքների պաշտպանության համար պայքարելու»․ արցախցիների ակցիան COP17-ին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Արցախցիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում COP17-ի նախաշեմին։

Մասնակիցները բարձրաձայնում են արցախահայերի բռնի տեղահանության, Բաքվում պահվող հայ գերիների և այլ հարցերի վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ միջազգային նշանակության համաժողովները հնարավորություն են տալիս պետություններին բարձրացնել այն հարցերը, որոնց լուծումը պահանջում է միջազգային հանրության մասնակցությունը, սակայն այսօր այստեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են բարձրացնում այդ հարցերը։

«Այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են խոսում այն մասին, որ Արցախում Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ցեղասպանություն։ Այսօր քաղաքացիական հասարակությունն է միջազգային հանրությանը ներկայացնում, որ Ադրբեջանը ապօրինաբար իր մոտ է պահում մեր գերիներին և պատանդ վերցված քաղաքացիներին», - նշել է ակցիայի մասնակիցների մեկը։

«Արցախ Միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ նշել է, որ ակցիայի մասնակիցները փորձելու են օգտագործել տարբեր հնարավորություններ՝ իրենց ձայնը տեղ հասցնելու համար։

«Փորձելու ենք տարբեր հնարավորություններ օգտագործել, մեր ձայնը տեղ հասցնել, բայց մյուս կողմից՝ այդքան միամիտ չենք մտածելու, որ նույնիսկ եթե լսեն մեր ձայնը, մեր հարցերը լուծվելու են։ Սա հերթական հնարավորությունն է կաթիլ առ կաթիլ մեր իրավունքների պաշտպանության համար պայքարելու», - հայտարարել է Բեգլարյանը։