Բեգլարյանը կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Արցախ Միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ՀՀ կառավարությանն է հանձնել Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակ։
Նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում, որով նախատեսվում էր, որ մի խումբ կանայք կայցելեն Բաքվում պահվող հայերին։
«Նա դիմել էր Ադրբեջանին, դիմել էր Հայաստանի կառավարությանը, որպեսզի կազմակերպվի այդ այցը։ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել նախաձեռնությանը, իսկ Հայաստանի կառավարությունից որևէ «գործնական, պատշաճ աջակցություն չի ցուցաբերվել։ Մենք, ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշեցինք, որ այս նամակները պետք է հանձնենք Հայաստանի կառավարությանը», - նշեց Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ այժմ իրենք սպասելու են ՀՀ կառավարության պատասխանին։
«Ըստ «Հանրագրերի մասին» օրենքի՝ մեկամսյա ժամկետում պետք է ստանանք պատասխան։ Դրա մասին նաև հանրագրի մեջ ենք նշել, որպեսզի մեզ գրավոր պատասխան տան։ Նաև արձանագրեցինք, իրենք էլ ստորագրեցին, որ փաստաթղթերն ընդունել են՝ և՛ հանրագիրը, և՛ կից արկղը՝ նամակներով հանդերձ», - հայտնեց Բեգլարյանը։
Բաքվում հայ գերիների մասին
2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և ԱԳ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման։ Ցմահ ազատազրկում նրանց նկատմամբ չի կիրառվել տարիքի պատճառով. երկուսն էլ 65-ից բարձր են։
Փետրվարի 17-ին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա պաշտպանությունը հերքել է մեղադրանքները և հայտարարել արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ստույգ թիվն անհայտ է։
Բաքվում հայտարարում են շուրջ 30 պահվող հայերի մասին, մինչդեռ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ նրանց փաստացի թիվը կարող է մոտ 80-ով ավելի լինել։
Զոնաբենդի նախաձեռնությունը
Հունիսին Զոնաբենդը հանդես էր եկել հումանիտար նախաձեռնությամբ, որը նախատեսում էր կանանց միջազգային պատվիրակության այցի կազմակերպում Բաքու՝ անազատության մեջ գտնվող հայերին այցելելու համար:
Հուլիսին Վարդանյանի կինը երկու անգամ նամակ է հղել պլանավորվող ուղևորության կապակցությամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի օմբուդսմենին: Հուլիսի 30-ին Փաշինյանին ուղղված նամակում նա խնդրել էր նշանակել նախաձեռնության համակարգման պատասխանատու և ապահովել անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցություն այցի նախապատրաստման հարցում:
Սեպտեմբերի սկզբին տեղի է ունեցել Զոնաբենդի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների, ինչպես նաև Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության կասեցման պայմաններում երրորդ երկրի միջոցով գերիներին այցելելու հնարավորությունների ստեղծումը, Բաքվում գտնվող ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական ծառայությունների մատուցումը և հումանիտար նախաձեռնությունների իրականացումը: Հարցը գտնվում է քննարկման փուլում:

