ՄԻԵԴ-ը Ապրիլյան 4-օրյա պատերազմի վերաբերյալ առաջին վճիռն է կայացրել. Ադրբեջանը պարտավորվել է 90 հազ. եվրո փոխհատուցում վճարել
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։
Այս մասին հայտնում է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։
«ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)», -գրել է նա սոցցանցի իր էջում։
Նա հայտնել է, որ Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։
«Սա կարևոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով։ Այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից մեկն էր, երբ թշնամին դարանակալել էր հայկական զինուժի զինծառայողներին եւ հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները (այս մասին մանրամասն ներկայացված է ՄԻԵԴ-ի վճռում) »,-նշել է Դրմեյանը։
Դրմեյանը նշել է, որ Հայաստանը այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, եւ չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այդ «հերոսական դրվագը»։

