Շուշիում ոչնչացվել են 19-րդ դարի հին հայ-ռուսական գերեզմանոցը և միջնադարյան խաչքարեր (ՖՈՏՈ)

07.09.2026, 16:24
Գերեզմանոցը դիմակայել է պատերազմներին, քաղաքական ցնցումներին և իշխանափոխություններին, սակայն ոչնչացվել է Շուշիի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ  անցնելուց հետո, հայտնում է Caucasus Heritage Watch-ը
Շուշիում ոչնչացվել են 19-րդ դարի հին հայ-ռուսական գերեզմանոցը և միջնադարյան խաչքարեր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Caucasus Heritage Watch» (CHW) միջազգային մոնիթորիգային կազմակերպությունը հայտնել է Շուշիի Հին հայ-ռուսական գերեզմանոցի ոչնչացման մասին՝ նշելով, որ դա սահմանվել է արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա:

CHW-ի տվյալներով՝ գերեզմանոցի ավերումը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Կազմակերպությունը նշում է, որ օբյեկտի տարածքում իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ կապված անձրևաջրերի և կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման հետ:

CHW-ի հետազոտության համաձայն՝ գերեզմանոցում եղել է 19-րդ դարի պահպանված առնվազն 35 տապանաքար՝ թվագրված 1810–1871 թվականներով: Այստեղ ամփոփված են Շուշիի հայ ընտանիքների ներկայացուցիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների, ինչպես նաև ռուս զինվորականների աճյունները:

Կազմակերպությունը հայտնել է նաև գերեզմանոցի տարածքում հինգ միջնադարյան հայկական խաչքարերի առկայության մասին, որոնք, հետազոտողների գնահատմամբ, հայկական հոգևոր ու մշակութային միջավայրի անբաժանելի մաս են։

CHW-ում ընդգծել են, որ գերեզմանոցը դիմակայել է պատերազմներին, քաղաքական ցնցումներին և իշխանափոխություններին, սակայն ոչնչացվել է Շուշիի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո:

Caucasus Heritage Watch-ը զբաղվում է Հարավային Կովկասում մշակութային ժառանգության օբյեկտների վիճակի մշտադիտարկմամբ՝ արբանյակային տվյալների և արխիվային նյութերի կիրառմամբ: Կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հայկական մի շարք մշակութային օբյեկտների վնասման և ոչնչացման մասին:

Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թ.-ի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով: Դրանից հետո միջազգային և հայկական կազմակերպությունները բազմիցս հայտարարել են տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար առկա ռիսկերի մասին: