Հրապարակվել է Արցախում հայկական հետքի ոչնչացման և արցախցիների վերադարձի խոչընդոտների վերաբերյալ զեկույց

25.11.2026, 11:13
Հրապարակվել է Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի ճանապարհին առկա խոչընդոտների վերաբերյալ զեկույց
Հրապարակվել է Արցախում հայկական հետքի ոչնչացման և արցախցիների վերադարձի խոչընդոտների վերաբերյալ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հրապարակվել է Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի ճանապարհին առկա խոչընդոտների վերաբերյալ զեկույց։

Զեկույցը հրապարակել են Արցախ Միությունը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն։

Փաստաթղթում արձանագրվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շարունակվում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Ադրբեջանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքը՝ ոչնչացնելով նրանց բնակավայրերն ու այն մշակութային միջավայրը, որտեղ սերունդներ շարունակ ձևավորվել է նրանց ինքնությունը։

Զեկույցի հեղինակները փաստագրել են հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ու ձևափոխման, ինչպես նաև բնակելի թաղամասերի և ամբողջական բնակավայրերի հիմնահատակ ավերման բազմաթիվ դեպքեր։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են համացանցում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, միջազգային լրատվամիջոցների հետաքննական հրապարակումները, ինչպես նաև համադրվել են տարբեր ժամանակահատվածներում արված արբանյակային պատկերները։

Զեկույցում նշվում է, որ մի շարք բնակավայրերում քանդված հայկական տների տեղում կառուցվում են նոր շինություններ, իսկ որոշ վայրերում ամբողջական թաղամասեր հողին են հավասարեցվում։ Սեփական տների և գույքի կորուստը տեղահանված բնակիչներին զրկում է իրենց համայնքներում վերահաստատվելու նյութական հիմքից։ Հոգևոր և մշակութային ժառանգության վերացմամբ խաթարվում են համայնքային հիշողությունը պահպանելու, ինչպես նաև հավատքն ու ազգային ավանդույթները հաջորդ սերունդներին փոխանցելու նախադրյալները։

Հեղինակները նաև մատնանշում են Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների խախտումները՝ ընդգծելով, որ վերադարձի իրավունքը պետք է երաշխավորի Արցախի բնակիչների՝ Հայրենիքում անվտանգ ապրելու, իրենց ինքնությունը պահպանելու և համայնքները վերականգնելու հնարավորությունը։

Զեկույցի հեղինակները կոչ են անում միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին գործուն և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ու սեփականության հետագա ոչնչացումը, ապահովելու դրա պահպանությունն ու հասանելիությունը Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև պաշտպանելու նրանց՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքը։

Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման մասին

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և մարտական ավիացիա։

Արցախի բնակիչները հարկադրված տեղափոխվեցին Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ հաշվառվել և գրանցվել է ավելի քան 115 հազար արցախցի, գործարկվել են աջակցության ծրագրեր։