Արտակարգ դեպք՝ Երևանում. 76-ամյա տղամարդն ընկել է Խանջյան փողոցի շինհրապարակի 7 մետր բարձրությունից

15.10.2026, 19:22
76-ամյա տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք՝ Երևանում. 76-ամյա տղամարդն ընկել է Խանջյան փողոցի շինհրապարակի 7 մետր բարձրությունից

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.comի հաղորդմամբ, ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։

Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Մինչ կժամանեին ոստիկանները, քաղաքացիները և նշված շենքը կառուցող բանվորներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխել 76-ամյա տղամարդու։

Շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում պարանոցին տեղադրելով ֆիքսատոր, որից հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ ճշտում են շենքը կառուցապատողի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից։