Ի՞նչ գործնական արդյունքներ է ակնկալում Հայաստանը COP17-ից․ նախարարը պարզաբանում է

15.10.2026, 18:15
Հայաստանը COP17-ի նախագահության շրջանակում, բացի համաժողովի օրակարգային հարցերից, հանդես է եկել չորս լրացուցիչ առաջարկով
Ի՞նչ գործնական արդյունքներ է ակնկալում Հայաստանը COP17-ից․ նախարարը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը COP17-ի նախագահության շրջանակում, բացի համաժողովի օրակարգային հարցերից, հանդես է եկել չորս լրացուցիչ առաջարկով, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Չորս առաջարկությունները քիչ չեն՝ հաշվի առնելով ընթացիկ օրակարգի ծանրաբեռնվածությունը», - ասել է Մաթևոսյանը COP17-ի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով Հայաստանի ակնկալիքները COP17-ից։

Կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիաների Երևանյան կենտրոն

Նախարարի խոսքով՝ մշտադիտարկման հարցերն աշխարհում կարևորագույններից են։

«Եթե մենք մշտապես խոսում ենք, որ որոշումները պետք է լինեն գիտահեն, ապա, հաշվի առնելով նաև տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի դերն այս ոլորտում, կարծում եմ՝ ճիշտ կլիներ նման առաջարկությամբ հանդես գալ»,- նշել է Մաթևոսյանը։

Լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի հարթակ

«Մենք լեռնային երկիր ենք, և առհասարակ լեռնային էկոհամակարգերն ապահովում են քաղցրահամ ջրային ռեսուրսների մեծ մասը՝ 55-60%-ը, բայց, ցավոք սրտի, պահպանվող լեռնային տարածքների մասնաբաժինը 19% է», - նշել է նախարարը։

Նա հայտնել է, որ այս նախաձեռնության շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էկոհամակարգերին։

Տարածքային պահպանության և այլ արդյունավետ միջոցների գլոբալ գործողությունների կենտրոն

Մաթևոսյանի խոսքով՝ այս առաջարկը վերաբերում է բնության հատուկ պահպանվող տարածքներին։

«Ամիսներ առաջ Ազգային ժողովը հաստատեց բնության հատուկ պահպանվող տարածքների նոր օրենքը, որտեղ տարբեր ձևակերպումներով թիրախավորված են հենց բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման նոր մեխանիզմները»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ սա կարող է դառնալ ևս մեկ մեխանիզմ՝ սահմանված թիրախներին հասնելու համար։

Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ

Նախարարի խոսքով՝ այս նախաձեռնությունն ուղղված է կենսաբազմազանության և տնտեսության փոխհարաբերություններին։

«Մեկ դոլարի ներդրումը կենսաբազմազանության մեջ երկրների համար հնարավորություն է տալիս 30 անգամ ավելի հետվերադարձ»,- նշել է Մաթևոսյանը։

COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովն է։ Այն կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը: Համաժողովի հիմնական թեմաները կլինեն կենսաբազմազանության պահպանումը, էկոհամակարգերի վերականգնումը, բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման մոբիլիզացումը և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումը: Փաստաթուղթը նախատեսում է, մասնավորապես, ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ի պահպանում մինչև 2030 թվականը: