Հայ և ռուս ժողովուրդներին միավորող կապի մասին. ՀՀ-ում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում մեկնարկել են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը՝ միավորելով երկու ժողովուրդների երաժշտությունը, պատմությունը և հոգևոր ժառանգությունը։
Բացման արարողության մասնակիցները խոսել են Հայաստանի և Ռուսաստանի բազմադարյա մշակութային կապերի, պատմական հիշողության պահպանման գործում արվեստի ու հավատքի դերի, ինչպես նաև մշակութային երկխոսության մասին, որը շարունակում է գոյություն ունենալ քաղաքական հանգամանքներից անկախ։
Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի բացման շրջանակում տեղի է ունեցել «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմբի համերգը։
Հնչել են հայտնի ռուսական ժողովրդական երգեր, համաշխարհային դասականության ստեղծագործություններ, ինչպես նաև «Ծիծեռնակ» երգը՝ Կոմիտասի մշակմամբ։ Բացի այդ, ներկայացվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի գործունեությանը նվիրված ցուցահանդես։
«Ռուս ժողովրդի հոգին՝ հայ ժողովրդի հոգուն»

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն իր ելույթն սկսել է հայերեն․ «Ինչպես ասում են Ռուսաստանում՝ բարև ձեզ»։
Նա հիշել է Հայաստանի հետ մշակութային իր առաջին փոխանակումները և այն տարիների Երևանի մթնոլորտը, երբ հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչների հետ հանդիպումները վերածվում էին մեծ ու կենդանի երկխոսության։
«Ես ուղղակի հիշում եմ Հայաստանի հետ մշակութային իմ առաջին փոխանակումները։ Եթե քո զրուցակիցներն էին Հրաչյա Ղափլանյանը, Սոս Սարգսյանը կամ Հրանտ Մաթևոսյանը, ապա ամբողջ մշակութային Երևանը նստում էր սեղանի շուրջ։ Եվ սկսվում էր հրաշալի զրույց», - պատմել է Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ երեկոյան նման հանդիպումները վերածվում էին իսկական խնջույքի և ձեռք բերում ամբողջովին յուրահատուկ բնույթ։ «Սա այն է, ինչ հետո պատմության մեջ կոչվում է «ժողովուրդների բարեկամություն»», - ասել է նա։
Շվիդկոյն ընդգծել է, որ մշակույթի գործիչները միշտ օժտված են եղել հատկապես մտերմիկ շփման ընդունակությամբ, իսկ հումանիտար համագործակցությունը նախևառաջ մարդկանց միջև հարաբերություններն ու անմիջական շփումներն են, համատեղ մշակութային և գիտական նախագծերը։
«Կա քաղաքականություն, և կան հարաբերություններ ժողովուրդների միջև։ Այնպես, ինչպես մենք սիրում էինք հայ ժողովրդին հարյուրավոր տարիներ առաջ, այնպես էլ հիմա ենք նրան սիրում։ Ռուսաստանի դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք բաց ենք հայ ժողովրդի, հայ մտավորականության և հայկական պետության հետ շփման համար ճիշտ այնքանով և նույնիսկ ավելի, որքանով հայկական պետությունը, հայ ժողովուրդը և հայ մտավորականությունը պատրաստ են շփվել ռուսների հետ», - հայտարարել է նա։
Շվիդկոյը նշել է նաև Ռուսաստանում բազմահազար թվաքանակով հայկական համայնքի մասին։ «Հաշվի առնելով, որ Ռուսաստանում ապրում է 2 միլիոն հայ, սա, կարելի է ասել, հարազատների միջև շփում է։ Իսկ երբեմն էլ կարելի է ասել՝ մտերիմ հարազատների։ Շնորհակալություն», - ասել է նա։
Հոգևոր մշակույթի առանձնահատուկ իմաստը

Շվիդկոյի խոսքով՝ Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը մեծ իրադարձություն են, որը պարբերաբար անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն Հայաստանում այն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։
«Կարծում եմ, որ Հայաստանի համար Հոգևոր մշակույթի օրերն առանձնահատուկ իմաստ ունեն, որովհետև Հայաստանը բարձր հոգևորականության երկիր է, և վերաբերմունքը խոսքին, լեզվին, հավատքին Հայաստանում և Ռուսաստանում մեծապես համընկնում է», - ասել է նա։
Շվիդկոյը հիշել է նաև Ամենայն Հայոց երջանկահիշատակ Կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի II-ի միջև շփումը։
«Դա եղբայրական և բարեկամական շփում էր։ Եվ այսօր, երբ մենք խոսում ենք Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի մասին, ապա նրա վերաբերմունքը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին բարձրագույն աստիճանի եղբայրական է», - նշել է նա։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի կարծիքով՝ նման մշակութային իրադարձությունների արդյունքը զգալիորեն դուրս է գալիս բուն միջոցառումների ժամանակագրական շրջանակից։
«Այդ զգացողությունը, հոգուց հոգուն ուղղված այդպիսի ուղերձը, — ահա սրանում էլ, ըստ էության, կայանում է մշակութային փոխանակումը։ Հոգին՝ հոգու, ռուս ժողովրդի հոգին՝ հայ ժողովրդի հոգուն», — հայտարարել է Շվիդկոյը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանում սպասում են հայ արտիստներին և մշակույթի այլ գործիչներին։
«Ես միշտ ասում եմ, որ ինչպես Հայաստանում չեն ավարտվում ռուսական մշակույթի օրերը, այնպես էլ Ռուսաստանում չեն ավարտվում հայկական մշակույթի օրերը, որովհետև մենք անընդհատ լսում ենք Խաչատրյան, Բաբաջանյան, նայում ենք Սարյան, կարդում ենք Սարոյան և այլն», — ասել է Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ երկու ժողովուրդների շփումն այնքան սերտորեն է հյուսված, որ քաղաքական դժվարություններն ունակ չեն այն ընդհատել։
«Վստահ եմ, որ ոչ մի քաղաքական բախում, որքան էլ որ բարդ լինի, մեզ չի բաժանի», — ընդգծել է նա։
«Մշակութային համագործակցությունը հարաբերություն է հոգուց հոգուն»
Խոսելով մշակութային կապերի բուն բնույթի մասին՝ Շվիդկոյը դրանք անվանել է նախևառաջ փոխադարձ ձգողության և վստահության վրա հիմնված հարաբերություններ։
«Մշակութային համագործակցությունը հարաբերություն է հոգուց հոգուն, դա սիրառատ հարաբերություն է», - ասել է նա։
Շվիդկոյը պատմել է, որ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակվելուց հետո մայրը հարցրել է, թե կոնկրետ ինչով է նա զբաղվելու։
«Ես ասացի․ "Մայրիկ, ինչո՞վ։ Սիրով"։ Ահա ինչպես է տաճարը զբաղվում սիրով՝ Աստծո հանդեպ սիրով, այնպես էլ մենք ենք զբաղվում սիրով։ Եթե մեկ երկրի մշակույթը սեր չի արթնացնում այն մարդկանց մեջ, ում ուղղված է, ուրեմն այն իսկական չէ», - ասել է նա։
Նրա կարծիքով՝ մշակութային հարաբերությունները չպետք է դիտարկել բացառապես «փափուկ ուժի» հայեցակարգի միջոցով։
«Ինձ թվում է, որ այստեղ «փափուկ ուժի» հարց չէ, այլ փոխադարձ ձգողության և վստահության հարց։ Որովհետև մշակութային համագործակցությունը նախևառաջ որոշակի վստահություն է ապահովում մարդկանց և ժողովուրդների միջև։ Սա ամենակարևորն է», - ընդգծել է Շվիդկոյը։
Նա վստահություն է հայտնել, որ հայերի և ռուսաստանցիների միջև մշակութային կապը պահպանվելու է արտաքին հանգամանքներից անկախ։
«Մշակութային երկխոսությունը տեղի է ունենալու, ուզենք մենք դա, թե չուզենք, քանի դեռ գոյություն ունեն հայ և ռուսաստանցի ժողովուրդները։ Այս երկխոսությունը՝ նույնիսկ ոչ թե երկխոսությունը, այլ այս փոխադարձ կապը գոյություն է ունենալու։ Ոչ ոք քաղաքական գործիչներին չի հարցնելու, հավատացեք ինձ։ Դա կախված չէ քաղաքական բախումներից։ Դա ժողովրդի կամքն է։ Վստահ եմ, որ ռուսաստանցի և հայ ժողովուրդների կամքն այստեղ համընկնում է», - հայտարարել է նա։
Հավատք, խոսք, տառ և լեզու
Շվիդկոյը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունները մեծապես կապված են հոգևոր մշակույթի հետ, և պատմել է Խոր Վիրապի վանք կատարած իր այցելության մասին։
«Երեկ ես բախտ ունեցա լինելու Խոր Վիրապում։ Անշուշտ, երբ հաղորդակից ես դառնում Գրիգոր Լուսավորչի մեծ սխրանքին, հասկանում ես, որ հայ ժողովրդի կյանքը կապված է հավատքի, խոսքի, տառի և լեզվի հետ։ Եվ, անշուշտ, մեզ բոլորիս համար շատ կարևոր է, որ ձեր մեծ լուսավորիչները, ինչպիսին Մեսրոպ Մաշտոցն է, հայ ժողովրդին կյանք են տվել պատմության մեջ։ Եթե չլիներ խոսքը, ապա հայ ժողովրդի կյանքը պատմության մեջ այլ կլիներ», - ասել է նա։
Շվիդկոյը հիշեցրել է, որ Հայաստանն առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։
«Երբ մենք մտածում ենք աշխարհում քրիստոնեության ճակատագրի մասին, հիշում ենք Գրիգոր Լուսավորչի սխրանքը։ Ռուսաստանի համար ավանդական հոգևոր-բարոյական արժեքներին հավատարմությունը մեր հասարակության հիմնասյուներից մեկն է։ Մարդկային ոգին սրընթաց է, այն ձգտում է դեպի երկինք, սահմանափակված չէ որևէ տարածության մեջ, այն սրբազան է և ձգտում է դեպի Տերը», - ասել է նա։
Ընդ որում, նշել է Շվիդկոյը, հայ և ռուսաստանցի ժողովուրդների պատմությունը ոչ միշտ է պարզ եղել։
«Մենք՝ հայերս և ռուսաստանցիներս, հանգիստ չնստող մարդիկ ենք, և այդ պատճառով մեր կյանքը միշտ չէ, որ հեշտ է, իսկ երբեմն էլ դրամատիկ է ու ողբերգական։ Վերջին 35 տարիների իրադարձությունները դրա վկայությունն են։ Բայց հավատացեք, որ հենվելն այն հոգևոր մշակույթի վրա, որն ունեն հայերն ու ռուսաստանցիները, այն է, ինչը կօգնի մեզ ապրել և պահպանվել պատմության մեջ», - հայտարարել է նա։
Երկու ժողովուրդների մշակութային մերձավորության առանձնահատուկ խորհրդանիշ Շվիդկոյն անվանել է հոգևոր և երաժշտական դասականության փոխադարձ կատարումը։
«Երբ ռուսական երգչախմբերը երգում են Կոմիտասի ստեղծագործությունները, իսկ Կոմիտասի անվան երգչախումբը երգում է ռուսական եկեղեցական երգեցողություններ, հոգին ցնծում է, և հասկանում ես, որ մենք անբաժանելի ենք։ Շնորհակալություն», - ասել է նա։
Մշակույթը որպես ուղի դեպի փոխըմբռնում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակույթը ժողովուրդների միջև փոխըմբռնման, երկխոսության և մարդկային արժեքների փոխանակման կարևորագույն ճանապարհներից է, որը հնարավորություն է տալիս արժևորելու համամարդկային արժեքները։
«Դարերի ընթացքում ձևավորված հոգևոր և մշակութային ժառանգությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ միմյանց մշակույթին, այլև արժևորել այն համամարդկային արժեքները, որոնք միավորում են տարբեր ժողովուրդների՝ սերը մարդու նկատմամբ, բարությունը, խաղաղությունը, ստեղծագործությունն ու հոգևոր գեղեցկությունը», - ասել է Անդրեասյանը։
Նախարարը հատկապես կարևորել է հոգևոր երաժշտության պահպանումը և փոխանցումը սերունդներին՝ ընդգծելով, որ խմբերգային արվեստը խորհրդանշում է մշակույթի կարևորագույն առաքելություններից մեկը՝ բազմազանության մեջ գտնել փոխադարձ հարգանքի, համերաշխության և գեղեցիկի ընդհանուր հենքը։
Նախարարը նշել է, որ հոգևոր երաժշտությունն իր բնույթով առանձնահատուկ լեզու է՝ արտահայտված երգչախմբային արվեստի միջոցով։
«Այն միավորում է բազմաթիվ ձայներ մեկ ամբողջության մեջ՝ ստեղծելով ներդաշնակություն, որն ավելի բարձր է, քան առանձին ձայնն ու անհատական ընկալումը։ Այս ներդաշնակության մեջ, թերևս, խորհրդանշորեն արտահայտվում է նաև մշակույթի կարևորագույն առաքելություններից մեկը՝ բազմազանության մեջ գտնել ընդհանուր հիմք փոխադարձ հարգանքի, համաձայնության և գեղեցկության համար», - ասել է Անդրեասյանը։
Նա նշել է, որ «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմբի ելույթը հայ հանդիսատեսին հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալ ռուսական երգչախմբային ավանդույթի հարուստ ժառանգությանը և դրա ժամանակակից մեկնաբանություններին։
«Հայաստանը՝ իր բազմադարյա մշակութային և հոգևոր ժառանգությամբ, մշտապես կարևորել է մշակույթի միջոցով մարդկային կապերի ամրապնդումը։ Մեր երկրում մշակութային երկխոսության յուրաքանչյուր նախաձեռնություն արժեքավոր է հատկապես այն դեպքում, երբ այն նպաստում է ժողովուրդների մշակութային ժառանգության ճանաչմանը, արվեստի հանդեպ հարգանքի խորացմանը և մարդասիրական արժեքների տարածմանը», - ասել է նախարարը։
Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ որ այս օրերի շրջանակում ներկայացվող արվեստը կարժանանա հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և կդառնա գեղեցիկի, հոգևորի ու ստեղծագործական ներշնչանքի շուրջ համախմբվելու ևս մեկ առիթ։
«Մաղթում եմ միջոցառման մասնակիցներին և հյուրերին ստեղծագործական հաջողություններ, իսկ ներկաներին՝ հոգևոր վերելք, խաղաղության զգացում և վայելք բարձրարվեստ երաժշտությունից։ Թող արվեստը շարունակի կամուրջներ կառուցել մարդկանց ու մշակույթների միջև, իսկ հոգևոր մշակույթի լավագույն արժեքները ծառայեն բարության, փոխըմբռնման և խաղաղության գաղափարներին»,- նշել է նախարարը։
«Մեր երկխոսությունը շարունակական է»

Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-պաշտոնակատար Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել է, որ Հոգևոր մշակույթի օրերը կրկին հիշեցնում են երկու երկրների ժողովուրդների միջև առկա կապերի մասին։
«Այսօր մենք սկսում ենք միջոցառումների շարք, որոնք հերթական անգամ հիշեցնում են մեզ, որ ռուս և հայ ժողովուրդներին միավորում են ոչ միայն ընդհանուր պատմությունն ու տնտեսական շահերը, այլև խոր հոգևոր արմատները», — ասել է նա։
Սելեզնյովի խոսքով՝ արտաքին հանգամանքներից անկախ հարուստ միջանձնային հարաբերությունների հիմքն են մնում ավանդական արժեքները՝ ընտանիքը, հավատքը, հարգանքը մեծերի նկատմամբ, սերը սեփական հողի ու մշակույթի հանդեպ և հոգատար վերաբերմունքը ժառանգության նկատմամբ։
Նա նշել է, որ երաժշտական ծրագրում ներկայացված են Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Յոհան Սեբաստիան Բախի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական ու հայկական ժողովրդական երգեր։
«Նման համադրությունն արտացոլում է այն, որ ռուսաստանցիներն ու հայերը պահպանում են իրենց սեփականը, հետաքրքրությամբ ու հարգանքով են ընդունում միմյանց գեղեցկությունն ու մշակույթը և համաշխարհային դասականության լավագույն նմուշները։ Մեր երկխոսությունն անընդհատ է։ Եվ Մոսկվայում մենք արդեն սպասում ենք նոյեմբերին նախատեսված Հայաստանի մշակույթի օրերին», - ասել է Սելեզնյովը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ մարդասիրական համագործակցությանը։
«Մենք պատրաստ ենք բաց, կառուցողականորեն շարունակել աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ Հոգևոր մշակույթի օրերը կարձագանքեն հայ հանդիսատեսի սրտերում», - հայտարարել է Սելեզնյովը։

