Թուրք երկրպագուների բախումները ոստիկանների հետ Բաթումում կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ. տուժել է 3 ոստիկան, կան ձերբակալվածներ

27.11.2026, 12:17
Բաթումում թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով ձերբակալվել է 16 մարդ
Թուրք երկրպագուների բախումները ոստիկանների հետ Բաթումում կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ. տուժել է 3 ոստիկան, կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բաթումում թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով ձերբակալվել է 16 մարդ, իրավապահ մարմինների երեք աշխատակից վնասվածք է ստացել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի շրջանակում թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական Բեեր Շևայի «Հապոելի» միջև հանդիպման ժամանակ։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ թուրք երկրպագուների մի մասը սկսել է ագրեսիա դրսևորել դեռևս դեպի մարզադաշտ երթի ժամանակ՝ վանկարկելով վիրավորական խոսքեր, նետելով տարբեր առարկաներ և բախման մեջ մտնելով իրավապահների հետ։

Ինչպես նշում է գերատեսչությունը, անկարգությունները շարունակվել են մարզադաշտում, որտեղ երկրպագուները վնասել են ենթակառուցվածքները, պոկել հանդիսատեսի նստատեղերը և նետել դրանք ոստիկանների ուղղությամբ։ Անկարգությունները կանխելու և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։

Վրաստանի ՆԳՆ-ում հերքել են ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ուժի կիրառումը կապված է եղել Պաղեստինին աջակցող դրոշների և պաստառների ցուցադրման հետ։ Գերատեսչությունում ընդգծել են, որ բախումները սկսվել են դեռևս տրիբունաներում դրանց հայտնվելուց առաջ։

Միջադեպի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ և ՆԳՆ ղեկավարները հրատապ հեռախոսազրույցներ են ունեցել վրացի գործընկերների հետ։

«Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբը դատապարտել է ոստիկանության գործողությունները՝ ուժի կիրառումն անվանելով անհամաչափ, և հայտարարել ՈՒԵՖԱ ու Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն դիմելու մասին։ Ակումբի նախագահ Սերդալ Ադալըի խոսքով՝ երկու թուրք երկրպագուի բժշկական օգնություն է պահանջվել։

Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրի հանդիպումը, որն անվտանգության նկատառումներով ՈՒԵՖԱ-ի կողմից Ստամբուլից տեղափոխվել էր Բաթում, առաջին խաղակեսում ընդհատվել էր մոտ կես ժամով։ Հետագայում հանդիպումը վերսկսվել է և ավարտվել «Բեշիկթաշի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։