Երևանում կանցկացվի այաստանի երկաթուղու գործունեության հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում ուրբաթ կկայանա Հայաստանի երկաթուղու գործունեության հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը։
Նիստի անցկացման փաստը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։ Հանդիպման օրակարգի մանրամասները նա չի հայտնել։
Աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ), որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի (ՌԵՈւ) 100%-անոց դուստր ընկերությունն է, իրականացնում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումը 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Կոնցեսիայի ժամկետը 30 տարի է՝ մինչև 2038 թվականը, ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Աշխատանքային խմբի մասին
Համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2026 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի (ՌԵՈւ) գլխավոր տնօրեն-վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքներով։
Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված երեք ամսվա ընթացքում մշակել լուծումներ հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու ուղղությամբ։
Կոնցեսիոների հնարավոր փոփոխության մասին
2026 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանդես է եկել կոնցեսիոն կառավարման մոդելի փոփոխության օգտին՝ առաջարկելով Ռուսաստանին կոնցեսիոն իրավունքները վաճառել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի համար։
Փաշինյանը գործող մոդելի վերանայման անհրաժեշտությունը կապում է TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացման հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղու կառավարումը ռիսկեր է ստեղծում միջազգային ներդրումների ներգրավման համար և կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանային նոր տրանսպորտային երթուղիների շրջանակում հիմնական բեռնահոսքերը կուղղվեն Հայաստանի շրջանցմամբ։
Ռուսական կողմն իր հերթին հայտարարել էր գործող կոնցեսիոն համաձայնագիրը պահպանելու մտադրության և Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման սեփական լուծումներն առաջարկելու պատրաստակամության մասին։

