«Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»․ ՀՖՖ նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը՝ իր Facebook–յան էջի վրա հարձակման մասին

27.11.2026, 10:42
ՀՖՖ նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտարարել է, որ իր Facebook–ի էջն օրեր առաջ ենթարկվել է հարձակման
«Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»․ ՀՖՖ նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը՝ իր Facebook–յան էջի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտարարել է, որ իր Facebook–ի էջն օրեր առաջ ենթարկվել է հարձակման։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջորկաեֆն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Հարգելի՛ ֆուտբոլասեր բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իմ հայտարարությունից անմիջապես հետո իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման։

Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։

Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։

Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։Առջևում կարևոր աշխատանք կա»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ բազմաթիվ օգտատերեր ահազանգում էին, որ Դենիս Ջորկաեֆը Facebook-ում արգելափակել է իրենց։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը։ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։