Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։
Իոսիֆ Ստավրակակիսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության համար և բարձր գնահատել կազմակերպչական աշխատանքներն ու մարզիկների համար ստեղծված պայմանները։ Գրիգոր Գրիգորյանն իր հերթին կարևորել է միջազգային ստուգատեսների անցկացումը խուլերի սպորտի զարգացման և հատկապես պատանի ու երիտասարդ մարզիկների փորձի ձեռքբերման տեսանկյունից։
Բացման արարողությունն ուղեկցվել է մշակութային ծրագրով՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի և Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ, ինչպես նաև մասնակից երկրների դրոշների շքերթով։
Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 8-րդ և պատանիների ու երիտասարդների Եվրոպայի 5-րդ առաջնություններին մասնակցում է 11 երկրի շուրջ 300 մարզիկ և պատվիրակության ներկայացուցիչ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ավելի քան 20 մարզիկ։ Մրցաշարերը կշարունակվեն մինչև դեկտեմբերի 1-ը։

