Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
26.11.2026,
19:37
Առաջիկա շաբաթ օրը դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչև ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Տոնի առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչև ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում, ուր զետեղված են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

