«Ղարաբաղցիների անձնագրերում պետք է նշվի Ադրբեջան, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի». Փաշինյան

26.11.2026, 15:00
Փաշինյանը բացատրել է, թե ինչու պետք է Ղարաբաղից տեղահանվածների անձնագրերում որպես ծննդավայր նշվի Ադրբեջանը
«Ղարաբաղցիների անձնագրերում պետք է նշվի Ադրբեջան, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների անձնագրերում ծննդավայրի վերաբերյալ տվյալները պետք է լրացվեն՝ հիմք ընդունելով նախաստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթները, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև երկուսը անհամատեղելի են իրար հետ», – նշել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կա՛մ Հայաստանը պետք է մնա նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում։

«Շատ պարզ քաղաքական ընտրություն է», – ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որի կառավարման ընթացքում եղել է 2 տարի և 8 ամիս տևողությամբ ժամանակահատված, երբ Եռաբլուրի ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։

«Սա բացառիկ և աննախադեպ բան է։ Մենք այդպիսի 2,8 տարի չենք ունեցել, այդպիսի 1 տարի չենք ունեցել», – ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, պարզաբանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերի «ծննդյան վայր» դաշտում «Ադրբեջան» նշելու հանգամանքը, հայտնել էր, որ այդ դաշտի լրացումը կարգավորվում է ISO 3166 միջազգային ստանդարտով։