Հայկական «Սև ուրբաթ»․ 50% զեղչը դեռ խնայողություն չէ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Սև ուրբաթը» մոտենում է։ Նոյեմբերի 27-ին Հայաստանի խանութները կրկին գայթակղելու են գնորդներին բարձրագոչ խոստումներով՝ 30%, 50%, իսկ երբեմն նույնիսկ 70% զեղչ։
Առևտրի կենտրոններում, էլեկտրոնիկայի, հագուստի խանութներում և առցանց հարթակներում կհայտնվեն հատուկ առաջարկներ, որոնցից, թվում է, դժվար է հրաժարվել։
Բայց արդյո՞ք մեծ զեղչն իսկապես նշանակում է մեծ խնայողություն։ Եվ ինչո՞ւ են զեղչերից հետո գնորդները երբեմն հայտնաբերում, որ ծախսել են շատ ավելին, քան պատրաստվում էին։
Պատկերացնենք ծանոթ իրավիճակ։ Դուք վաղուց ականջակալներ եք նայում։ Վերջին մեկ ամսում դրանց վաճառքի միջին գինը կազմել է 40 հազար դրամ։ Սակայն «Սև ուրբաթի» նախօրեին հայտնվում է գայթակղիչ առաջարկ՝ ջնջված 60 հազար և նոր գին՝ 30 հազար դրամ։ Իսկ կողքին մեծ տառերով գրված է. «50% զեղչ»։
Թվում է, թե դուք խնայել եք 30 հազար դրամ։ Բայց եթե կողմնորոշվենք միջին գնով, որով ապրանքն իրականում վաճառվել է նախորդ ամսվա ընթացքում, այն էժանացել է ընդամենը 10 հազար դրամով, այսինքն՝ 25%-ով։
Հնարավոր է, որ 30 հազար դրամն իսկապես լավ գին է այդ ականջակալների համար։ Բայց ինչո՞ւ են գնորդին առաջարկում խնայողությունը հաշվել 60 հազարից, եթե ապրանքի սովորական արժեքը շատ ավելի ցածր է եղել։
Ինչու ենք մենք հավատում մեծ զեղչերին

Բանն այն է, որ գնորդները հաճախ կողմնորոշվում են ոչ թե ապրանքի իրական արժեքով, այլ այն թվով, որը տեսնում են առաջինը։
Եթե ականջակալների կողքին գրված է 60 հազար դրամ, 30 հազար գինը շատ գրավիչ է թվում։ Մենք մտովի համեմատում ենք երկու թվերը և ուրախանում, թե իբր որքան գումար հաջողվեց խնայել։
Սա կոչվում է «խարսխի էֆեկտ». առաջին գինը դառնում է հաշվարկի կետ, նույնիսկ եթե այն չի արտացոլում ապրանքի սովորական արժեքը։
Խանութներին օգնում է նաև մեր վարքագծի մեկ այլ առանձնահատկություն՝ շահավետ առաջարկը բաց թողնելու վախը։
«Միայն այսօր», «Զեղչերի վերջին ժամերը», «Մնացել է ընդամենը երեք ապրանք»․ նման հայտարարությունները ստիպում են շտապել։ Առաջանում է զգացողություն, որ վաղն արդեն ուշ կլինի, և խնայելու հնարավորությունը կանհետանա։
Արդյունքում գնորդները երբեմն ձեռք են բերում իրեր, որոնք դեռ երեկ նույնիսկ չէին էլ պատրաստվում գնել։
Զեղչերի ի՞նչ կանոններ են գործում Հայաստանում

Հայաստանում կան օրենսդրական նորմեր, որոնք կոչված են պաշտպանելու գնորդներին ոչ արժանահավատ զեղչերից։
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (հոդված 15.5) համաձայն՝ գնի նվազեցման տոկոսը պետք է հաշվարկվի՝ ելնելով ակցիայի մեկնարկից մեկ ամիս առաջ ապրանքի վաճառքի միջին գնից։ Ընդ որում, խանութը պարտավոր է միաժամանակ գնորդին ցույց տալ այդ միջին գինը և զեղչը ներառող գինը։
Այլ կերպ ասած՝ եթե նախորդ ամսվա ընթացքում ականջակալների միջին գինը կազմել է 40 հազար դրամ, իսկ զեղչերի ժամանակ դրանք արժեն 30 հազար, զեղչը կազմում է 25%, ոչ թե 50%։
Սա կարևոր կետ է գնորդների համար. առաջարկը գնահատելիս պետք է նայել ոչ միայն գովազդային տոկոսին, այլև այն բանին, թե որ գնից է այն հաշվարկված։
Սակայն նույնիսկ ճիշտ նշված զեղչը դեռևս չի երաշխավորում շահավետ գնում։
Երբ զեղչ կա, իսկ խնայողություն՝ ոչ

Ենթադրենք՝ խանութն ազնվորեն իջեցրել է ականջակալների գինը 40-ից մինչև 30 հազար դրամ։
Բայց հարևան խանութում ճիշտ նույն մոդելն արժե 28 հազար՝ առանց որևէ զեղչի։ Որտե՞ղ է ավելի շահավետ գնել։
Պատասխանն ակնհայտ է։ Թեև հոգեբանորեն զեղչով առաջարկը կարող է ավելի գրավիչ թվալ։
Կա նաև մեկ այլ իրավիճակ, որը ծանոթ է շատերին, ովքեր ապրանքներ են պատվիրում առցանց։ Դուք գտել եք անհրաժեշտ իրը 30 հազար դրամով, բայց առաքումն արժեցել է ևս 3 հազար։ Արդյունքում գնումն արդեն արժե 33 հազար, ոչ թե 30 հազար։ Ուստի առաջարկները համեմատելիս կարևոր է հաշվի առնել նաև լրացուցիչ ծախսերը։
Այլ կերպ ասած՝ պետք է համեմատել ոչ թե գովազդային տոկոսները, այլ գնման վերջնական արժեքը։
Բայց կա ևս մեկ ծուղակ, որի մասին հեշտ է մոռանալ։
Պատկերացրեք, որ դուք ընդհանրապես չէիք պատրաստվում ականջակալներ գնել։ Հները հիանալի աշխատում են։ Սակայն տեսել եք 50% զեղչի մասին հայտարարությունը և որոշել. նման հնարավորությունը չի կարելի բաց թողնել։
Արդյունքում ծախսել եք 30 հազար դրամ։
Կարելի՞ է արդյոք սա խնայողություն անվանել։ Չէ՞ որ եթե զեղչերը չլինեին, այդ գումարը կմնար ձեզ մոտ։
Ստացվում է՝ երբեմն մենք գումար ենք ծախսում միայն այն պատճառով, որ մեզ խոստացել են դրանք խնայելու հնարավորություն։
Ինչպես հայ գնորդները չտրվեն զեղչերին

Իհարկե, մեծ զեղչերը չարիք չեն։ Եթե դուք վաղուց պատրաստվում էիք սառնարան, հեռախոս կամ այլ անհրաժեշտ իր գնել, գնի նվազումն իսկապես կարող է օգնել պահպանել ընտանեկան բյուջեն։
Գլխավորը՝ չշփոթել երկու բոլորովին տարբեր իրավիճակներ։
Առաջին դեպքում ձեզ իր է պետք, դուք նախապես ուսումնասիրում եք Հայաստանի խանութների առաջարկները և սպասում եք հարմար գնի։
Երկրորդ դեպքում դուք տեսնում եք գրավիչ զեղչ և միայն դրանից հետո սկսում մտածել, թե ինչի համար է ձեզ պետք այդ ապրանքը։
«Սև ուրբաթի» ընթացքում ավելորդ չվճարելու համար գնումից առաջ օգտակար է պատասխանել երեք պարզ հարցի.
- Որքա՞ն արժեր այդ իրը մինչև զեղչերը, և որքա՞ն է դրա միջին գինը նախորդ ամսվա ընթացքում
- Կարելի՞ է արդյոք գնել նույն մոդելն ավելի էժան մեկ այլ խանութում կամ առցանց հարթակում
- Կգնեի՞ արդյոք այն, եթե կողքին գրված չլիներ «50% զեղչ»
Իսկ ավելի լավ է նախապես կազմել անհրաժեշտ գնումների ցուցակ և որոշել, թե որքան եք պատրաստ ծախսել։ Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան բյուջեին. մի քանի ոչ մեծ և առաջին հայացքից շահավետ գնումները կարող են արդյունքում ավելի թանկ արժենալ, քան մեկ իսկապես անհրաժեշտ իրը։
Հնարավոր է՝ «Սև ուրբաթի» գլխավոր պարադոքսն այն է, որ խանութները մեզ առաջարկում են գումար ծախսել՝ համոզելով, որ մենք խնայում ենք։
Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա։ Խանութի խնդիրն ապրանք վաճառելն է։ Իսկ մեր խնդիրն է՝ որոշել, թե արդյոք այն մեզ իսկապես պետք է։
Իրական խնայողությունը սկսվում է ոչ թե զեղչի չափից, այլ շահավետ գնումն անպետք ծախսից տարբերելու կարողությունից։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

