Ֆինանսական խարդախությունը Հայաստանում. ինչպես են խարդախները գողանում փողերը և ինչպես պաշտպանվել
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ֆինանսական խարդախությունն աշխարհում վերջին տարիներին վերածվել է արդեն գլոբալ «ինդուստրիայի»։
Խարդախները նույնիսկ սովորել են օգտագործել արհեստական բանականության գործիքներ, որպեսզի ստիպեն մարդկանց իրենց գումարներին ինքնակամ հասանելիություն տրամադրել։
Հայաստանում ևս խարդախության հիմնախնդիրն արդիական է։ Կենտրոնական բանկն արձանագրում է վերջին շրջանում հաճախակիացած դեպքերը, երբ խարդախները ներգրավում են քաղաքացիներին կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային հաշիվները, էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը միջոցներ փոխանցելու համար։ Կենտրոնական բանկը նախազգուշացնում է քաղաքացիներին՝ չտրվել զեղծարարների հնարքներին և չտրամադրել իրենց տվյալները երրորդ անձանց։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կազմել է 12 ամենաարդիական հարցերի ցանկը, որոնց պատասխանները կօգնեն առավելագույնս պաշտպանվել նենգ սխեմաներից։
Հարց 1. Որքանո՞վ է լուրջ այսօր ֆինանսական խարդախության հիմնախնդիրն աշխարհում

Պատասխան․ Շատ լուրջ է։ Խարդախությունը վերածվել է գլոբալ ինդուստրիայի, իսկ հանցագործներն օգտագործում են սոցիալական ինժեներիա, ֆիշինգ, կեղծ կայքեր և արհեստական բանականություն։
Ինտերպոլը 2026 թ.-ին նախազգուշացրել է, որ ԱԲ-ն ընդունակ է խարդախ սխեմաները դարձնել ավելի համոզիչ և մասշտաբային։ Ըստ կազմակերպության գնահատականի՝ արհեստական բանականության կիրառումը նման կիբեռհանցագործություններն ավանդական մեթոդների համեմատ դարձրել է 4,5 անգամ ավելի շահութաբեր։
Հարց 2. Իսկ որքանո՞վ է տարածված ֆինանսական խարդախությունը Հայաստանում
Պատասխան․ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թ.-ին բանկերը գրանցել են խարդախության 1102 դեպք, իսկ դրանցից հասցված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 876 մլն դրամ։
Խարդախության դեպքերի 643-ում հանցագործները վարկեր են ձևակերպել քաղաքացիների անունով։ Եվ սրանք միայն գրանցված դեպքերն են, այլ ոչ թե երկրում խարդախության բոլոր դեպքերի գնահատականը։
Հարց 3. Ինչպե՞ս են խարդախներն ամենից հաճախ հասանելիություն ստանում գումարին
Պատասխան․ Ամենից հաճախ՝ խաբելով հաճախորդին։ Խարդախները կապ են հաստատում հաճախորդի հետ, ներկայանում բանկի, ոստիկանության, Կենտրոնական բանկի, այլ պետական կազմակերպության աշխատակից կամ հեռահաղորդակցության օպերատոր։ Այնուհետև նրանք սկսում են համոզել․
- հայտնել գաղտնաբառը կամ SMS-ի կոդը.
- մուտք գործել մոբայլ բանկինգ.
- անցնել հղումով.
- տեղադրել անհայտ ծրագիր.
- փոխանցել փողերը «անվտանգ հաշվին»։
Հանցագործները կարող են նաև ներգրավել «պոտենցիալ միջնորդի», որը կարող է լինել ցանկացած մեկը՝ ակամա ներգրավվելով հանցավոր գործունեության մեջ։ Խարդախները գտնում են նման միջնորդների սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորման։
Ամենատարածված առաջարկներն են՝ գումար ստանալ սեփական հաշիվներում, քարտերում կամ էլեկտրոնային դրամապանակներում. ստացված գումարը փոխանցել այլ անձանց կամ կանխիկացնել.
երրորդ անձանց տրամադրել սեփական հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների մուտքի տվյալները։
Հիշեք, որ նման ծառայություններ մատուցելով՝ դուք ռիսկի եք դիմում ներգրավվելով փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ։
Հարց 4. Ինչպե՞ս հասկանալ, որ զանգահարողը խարդախ է

Պատասխան․ Տագնապի գլխավոր ազդանշանը՝ ձեզ շտապեցնում են, վախեցնում կամ պահանջում անհապաղ կատարել ֆինանսական գործարք։
Կարևոր չէ, թե արդյոք զանգահարողը գիտի ձեր անունը, բանկը կամ ձեր քարտի որոշ տեղեկություններ։ Դա չի ապացուցում, որ նա իսկապես կազմակերպության աշխատակից է։
Եթե զանգահարողը պնդում է, որ բանկից է, անջատեք հեռախոսը, այնուհետև զանգահարեք բանկի կայքէջում նշված պաշտոնական համարով։
Հարց 5. Կարո՞ղ է արդյոք իրականում բանկը խնդրել տրամադրել գաղտնաբառ կամ SMS-ի կոդ
Պատասխան․ Ոչ, չի կարող։ ՀՀ ԿԲ-ն նախազգուշացնում է, որ բանկերի և պետական մարմինների աշխատակիցները նման տեղեկատվություն չեն պահանջում։ Հիշե՛ք, որ հեռախոսով կամ հաղորդագրություններում չպետք է բացահայտեք հետևյալ տեղեկությունները.
• բջջային կամ առցանց բանկային գաղտնաբառ;
• PIN կոդ;
• CVV կոդ;
• մեկանգամյա հաստատման կոդ;
• բանկային հավելված մուտք գործելու տեղեկություններ։
Հարց 6. Ինչո՞ւ են խարդախներն ավելի վտանգավոր դարձել արհեստական բանականության դարաշրջանում
Պատասխան՝ Արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս կեղծ հաղորդագրությունները, պատկերները և ձայներն ավելի համոզիչ դարձնել։
Հանցագործների համար ավելի պարզ է դառնում ստեղծել անհատականացված սցենարներ, նմանակել ձայները և ընդլայնել հարձակումները։
Ուստի այսօր վտանգավոր է միայն բնազդի վրա հույս դնելով որոշում կայացնել․ եթե մարդու ձայնը համոզիչ է հնչում, դա դեռ չի նշանակում, որ այդպիսի մարդ գոյություն ունի։
Հարց 7. Ո՞վ է ամենից հաճախ դառնում հանցագործների զոհ
Պատասխան․ Զոհ կարող է դառնալ ցանկացած տարիքի, կրթության և եկամտի մակարդակ ունեցող անձ։ Պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների իրազեկվածությունը խարդախ սխեմաների մասին վերջին տարիներին աճել է, ինչի մասին վկայում է ԿԲ հետազոտությունը՝ Ֆինանսական կրթման ազգային բարոմետրը (ՖԿԱԲ-2025)։ Այսպես, ֆինանսական խարդախության առնվազն մեկ տեսակ նշելու ունակություն ունեցող քաղաքացիների համամասնությունը, 2014 թ.-ի 42%-ից աճել է մինչև 55%՝ 2025թ.-ին։ Ամենից հաճախ նշվել են․ ինտերնետ-խարդախությունը (24%), բանկային քարտերի տվյալների հափշտակումը (20%), հեռախոսային խարդախությունը (13%) և չափազանցված շահութաբերությամբ ներդրումների առաջարկները (6%)։
Բայց խարդախության մասին իմանալը բավարար չէ։ Սթրեսային իրավիճակում խարդախը հույսը դնում է, նախևառաջ, վախի, շտապողականության և վստահության վրա։
Հարց 8. Ինչո՞ւ է խարդախներին անհրաժեշտ հասանելիություն ունենալ մոբայլ բանկինգին
Պատասխան․ Որպեսզի ոչ միայն ելքագրեն առկա գումարները, այլև հասանելիություն ստանան հաճախորդի ֆինանսական այլ հնարավորություններին։
Հայաստանում ամենատարածված սխեմաներից մեկը զոհի անունով վարկի ձևակերպումն է։
Հենց վարկերն են կազմել 2025 թ.-ին գրանցված խարդախության 1102 դեպքերից 643-ը։
Հարց 9. Ի՞նչ անել, եթե անձն արդեն հայտնել է տվյալները կամ փոխանցել է գումար
Պատասխան․ անհապաղ գործել։
- Կապ հաստատել բանկի հետ նրա պաշտոնական .կոնտակտների միջոցով
- արգելափակել հասանելիությունը բանկային ծառայություններին և գործարքներին.
- Եթե բանկն առաջարկում է արտակարգ իրավիճակներում դադարեցնելու գործառույթ, օգտագործեք այն։
- պահպանել նամակագրությունը, հեռախոսահամարները, հղումներն ու տեղեկությունները փոխանցումների մասին.
- դիմել իրավապահ մարմիններին։
Մի փորձեք պայմանավորվել խարդախների հետ և մի վճարեք նրանց, ովքեր խոստանում են «վերադարձնել փողերը» միջնորդավճարի դիմաց։
Հարց 10. Ի՞նչ է բանկային «Stop-կոճակը»

Պատասխան․ Սա գործարքների արտակարգ կասեցման մեխանիզմ է, որը թույլ է տալիս հաճախորդին արագ արգելափակել կասկածելի ֆինանսական գործարքները։
Հայաստանում այս գործիքը ներդրվում է բանկային հատվածում որպես խարդախությունից պաշտպանության լրացուցիչ միջոց։
Բայց «Stop-կոճակը» չի փոխարինում զգուշավորությանը․ եթե կա խարդախության կասկած, կարևոր է անմիջապես կապ հաստատել բանկի հետ, այլ ոչ թե սպասել, որ իրավիճակն ինքնաբերաբար կհանգուցալուծվի։
Հարց 11. Կվերադարձնե՞ն արդյոք գողացված գումարները
Պատասխան․ Վերադարձի ավտոմատ երաշխիք չկա։ Խարդախության յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին․ կարևոր է պարզել, թե ինչ եղանակով է կատարվել գործարքը, և ինչպես են խարդախները հասանելիություն ստացել դրամական միջոցներին։
Հետևաբար, եթե ձեզ խաբել են, պետք է հնարավորինս շուտ կապվեք ձեր բանկի և իրավապահ մարմինների հետ ու պահպանեք բոլոր ապացույցները։
Հարց 12. Ո՞ր երեք կանոնները կօգնեն պաշտպանվել։
Պատասխան․ Հիշեք երեք գործողություն․
Մի հայտնեք գաղտնաբառերը, PIN-ը և հաստատման կոդերը։
Մի անցեք կասկածելի հղումներով և մի տեղադրեք անհայտ հավելվածներ։
Մի շտապեք, դադարեցրեք զրույցը և ինքնուրույն կապ հաստատեք բանկի կամ կազմակերպության հետ պաշտոնական հեռախոսահամարով։ Հիշե՛ք․ եթե ձեզ ստիպում են շտապ ֆինանսական որոշում կայացնել - կանգ առեք։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

