ԱԲ–ն և ձեր դրամապանակը․ Հայաստանում ու՞մ կօգնեն նոր տեխնոլոգիաները ավելի շատ վաստակել
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Արհեստական բանականությունն արդեն փոխում է աշխատաշուկան, և ժամանակի ընթացքում դա կարող է անդրադառնալ ոչ միայն նրա վրա, թե ինչպես ենք աշխատում, այլև նրա, թե որքան ենք վաստակում:
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ զարգացած տնտեսություններում աշխատատեղերի մոտ 60%-ն այս կամ այն չափով ենթարկվում է ԱԲ-ի ազդեցությանը: Ձևավորվող շուկայական տնտեսությամբ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, այս ցուցանիշը կազմում է մոտ 40%:
Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ԱԲ-ն անպայման կհանգեցնի գործազրկության աճի կամ, ընդհակառակը, բոլորին ավելի հարուստ կդարձնի: Պարտադիր չէ։
Հայաստանի Կենտրոնական բանկի «Խելամիտ տնտեսական քաղաքականության դերը ԱԲ տարածման դարաշրջանում» հետազոտությունը ցույց է տալիս. շատ բան կախված է ոչ թե ինքնին ԱԲ-ից, այլ նրանից, թե ինչպես երկիրը կնախապատրաստվի դրա տարածմանը:
Ապագայի երեք սցենար
Հետազոտության հեղինակները դիտարկում են երեք հնարավոր սցենար: Դրանք կանխատեսումներ չեն, այլ մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե ինչի կարող են հանգեցնել պետության և բիզնեսի տարբեր որոշումները:
1․ ԱԲ-ն զարգանում է ինքն իրեն
Առաջին սցենարում նոր տեխնոլոգիաներն աստիճանաբար ներդրվում են բիզնեսում, սակայն պետությունը գրեթե չի ներդնում թվային ենթակառուցվածքների, կրթության և աշխատողների վերապատրաստման մեջ:

Տնտեսությունը միևնույն է ստանում է էֆեկտ. առաջին տասնամյակի ընթացքում ՀՆԱ-ն կարող է լինել մոտ 6,5%-ով ավելի բարձր, քան առանց ԱԲ-ի կիրառման:
Սակայն հետագայում աճը գրեթե կանգ է առնում:
Աշխատողների համար այստեղ կա կարևոր նրբություն: Ժամանակակից գիտելիքներով և հմտություններով օժտված մարդիկ կկարողանան օգտագործել ԱԲ-ն իրենց արտադրողականությունը բարձրացնելու և, համապատասխանաբար, եկամուտներն ավելացնելու համար: Իսկ ահա նրանց համար, ում աշխատանքը հիմնականում բաղկացած է առօրյա խնդիրներից, ավելի դժվար կլինի մրցակցել ավտոմատացման հետ:
Ի՞նչ է սա նշանակում դրամապանակի համար
Տնտեսությունն աճում է, սակայն օգուտները բաշխվում են անհավասարաչափ: Որակյալ մասնագետների մոտ հայտնվում են եկամուտների աճի ավելի շատ հնարավորություններ, իսկ նրանց և ավելի ցածր որակավորում ունեցող աշխատողների միջև ճեղքը կարող է մեծանալ:
2․ Պետությունը ներդրումներ է անում տեխնոլոգիաների և կրթության մեջ
Երկրորդ սցենարում պետությունը տնտեսությունն ակտիվորեն նախապատրաստում է փոփոխություններին:
Խոսքը թվային ենթակառուցվածքների, հաշվողական հզորությունների, կրթական կենտրոնների և ԱԲ դարաշրջանում պահանջված հմտությունների պատրաստման ծրագրերի զարգացման մասին է:

Հետազոտության գնահատականներով՝ առաջին տասնամյակում նման ներդրումները պետք է կազմեն տարեկան ՀՆԱ-ի մոտ 0,7–0,8%-ը:
Արդյունքն՝ ավելի բարձր տնտեսական էֆեկտ. առաջին տասնամյակում ՀՆԱ-ն կարող է ավելանալ մոտ 7,2%-ով:
Ընդ որում, ի տարբերություն առաջին սցենարի, էֆեկտը չի ավարտվում տասը տարի անց: Հետագայում տարեկան ՀՆԱ-ն շարունակում է աճել մոտ 0,15 տոկոսային կետով հաջորդ 50 տարիների ընթացքում:
Միաժամանակ ավելանում է որակյալ մասնագետների թիվը, իսկ գործազրկության ռիսկը նվազում է նոր հմտությունների և մասնագիտությունների հայտնվելու շնորհիվ:
Ի՞նչ է սա նշանակում դրամապանակի համար
Որքան շատ մարդիկ են ստանում պահանջված հմտություններ, այնքան բարձր են նրանց կայուն աշխատանքի և եկամուտների աճի շանսերը:
3․ ԱԲ-ն ոչ միայն փոխարինում է աշխատանքը, այլև օգնում է ստեղծել նորը
Երրորդ սցենարը ենթադրում է էլ ավելի ակտիվ քաղաքականություն:
Բացի ենթակառուցվածքներում և կրթության մեջ ներդրումներից, ստեղծվում է աշխատանքի վերակառուցման հատուկ գործակալություն: Դրա խնդիրն է օգնել գործազուրկներին վերապատրաստվել և անցնել տնտեսության նոր սեկտորներ:

ԱԲ-ն այս դեպքում օգտագործվում է ոչ միայն առանձին խնդիրների ավտոմատացման համար: Այն օգնում է հետևել, թե որ հմտություններն են դառնում պահանջված, և դրա հիման վրա ավելի արագ հարմարեցնել վերապատրաստման ծրագրերը:
Հենց այս սցենարն է տալիս ամենամեծ էֆեկտը. առաջին տասնամյակում ՀՆԱ-ն կարող է ավելանալ մոտ 8,7%-ով:
Երկարաժամկետ հեռանկարում գործազրկությունը նվազում է, որովհետև մարդկանց համար ավելի հեշտ է աշխատանք գտնել նոր սեկտորներում:
Ի՞նչ է սա նշանակում դրամապանակի համար
«ԱԲ-ն խլեց իմ աշխատանքը» սցենարի փոխարեն հայտնվում է մեկ այլ տարբերակ. «ԱԲ-ն փոխեց իմ աշխատանքը, իսկ ես հնարավորություն ստացա յուրացնել նոր մասնագիտություն»:
Այդ դեպքում ո՞վ կշահի ԱԲ-ից
ԿԲ հետազոտության հիմնական եզրահանգումը բավականին պարզ է. արհեստական բանականությունն ինքնին երկիրը հարուստ չի դարձնի:
Եթե ուղղակի աշխատողների մի մասին փոխարինենք տեխնոլոգիաներով, տնտեսական էֆեկտը կլինի սահմանափակ: Իսկ մարդկանց մի մասը կարող է բախվել աշխատանքի կորստի կամ եկամուտների նվազման հետ:

Բայց եթե միաժամանակ ներդրումներ արվեն կրթության, թվային ենթակառուցվածքների, նորարարությունների և վերապատրաստման մեջ, իրավիճակը փոխվում է:
Այդ ժամանակ ԱԲ-ն դառնում է ոչ միայն ավտոմատացման գործիք, այլև արտադրողականությունը բարձրացնելու, նոր մասնագիտություններ ստեղծելու և եկամուտներն ավելացնելու միջոց:
Իսկ ի՞նչ է սա նշանակում անձամբ մեզ համար
ԱԲ դարաշրջանում աշխատողի արժեքն ավելի ու ավելի է կախված լինելու նորը սովորելու և տեխնոլոգիաների հետ արդյունավետ աշխատելու ունակությունից:
Ուստի մարդու համար գլխավոր հարցը ոչ թե «արդյո՞ք ԱԲ-ն ինձ կփոխարինի»-ն է, այլ «ինչ խնդիրներ ես կկարողանամ ավելի լավ կատարել ԱԲ-ի օգնությամբ, և ինչ հմտություններ են պետք լինելու վաղը»:
Կարևոր է հասկանալ
ԱԲ-ն ինքնին ընդամենը տեխնոլոգիա է: Թե արդյոք այն սպառնալիք կամ հնարավորություն կդառնա մեր դրամապանակի համար, մեծապես կախված է նրանից, թե ինչպես մենք կսովորենք օգտվել դրանից:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։


