Հայաստանը 4 մեդալ է նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

06.10.2026, 21:15
Հայաստանի թիմը Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադայում 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
Հայաստանը 4 մեդալ է նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի թիմը Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադայում 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Ռուզաննա Շիրոյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Նատալի Մարգարյանը, Բագրատ Բագրատյանը և Էմիլ Հարությունյանը։

Օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, որին մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ: Օլիմպիադային յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։

Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը, Նատալի Մարգարյանը և Բագրատ Բագրատյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Էմիլ Հարությունյանն ու «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սան Դավիթ Բադալյանը:

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտակի, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արտաշես Մկրտչյանը (ԵՊՀ, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամ) և Արտավազդ Հարությունյանը (ԵՊՀ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։

Հիշեցնենք, որ 2025 թ.-ի Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հնդկաստանի Մումբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 1 բրոնզե մեդալների։