Փաշինյանն անդրադարձել է Շաքիում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայերի հետ փոխանակելու հարցին

06.10.2026, 22:41
Նա բացատրել է, որ եթե սահմանն անցած զինծառայողի վերադարձը կապվի գերիների վերադարձի հետ, նույն մոտեցումը հետագայում կարող է խնդիր ստեղծել հայկական կողմի համար
Փաշինյանն անդրադարձել է Շաքիում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայերի հետ փոխանակելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կապում Սյունիքի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցը Բաքվում պահվող հայերի վերադարձի հետ։

Հարցին՝ դիտարկվո՞ւմ է արդյոք Մուսաևին Բաքվում պահվող հայերի հետ փոխանակելու հնարավորությունը, Փաշինյանը նշել է, որ դրանք տարբեր հարցեր են։

«Դե, դրանք տարբեր թեմաներ են, որովհետև նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, երբ զինվորներ այս կողմ, այն կողմ անցնում են։ Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսներն անջատենք մնացած բոլոր դեպքերից», – ասել է Փաշինյանը «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում։

Նա բացատրել է, որ եթե սահմանն անցած զինծառայողի վերադարձը կապվի գերիների վերադարձի հետ, նույն մոտեցումը հետագայում կարող է խնդիր ստեղծել հայկական կողմի համար։

«Պատկերացրեք՝ հիմա մենք իրենց ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու», – ասել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ զինծառայողները մոլորվելով անցել են սահմանը՝ որևէ մեկին վնաս չպատճառելով, և կողմերը նրանց վերադարձրել են միմյանց։

«Հիմա եթե մենք անցած մոլորված զինվորին նախապայմանով վերադարձնենք, ասենք՝ գիտե՞ք ինչ, գերի պետք է տաք, որ մենք զինվորին տանք, վաղը, մյուս օրը, Աստված չանի, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու, որ մեր զինվորին հետ բերենք», – ասել է Փաշինյանը։

Միաժամանակ նա նշել է, որ Շաքիում տեղի ունեցած դեպքն այլ է, քանի որ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ հանցագործության դեպք է քննվում Հայաստանում։

Սյունիքում միջադեպի մասին

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։

ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։

5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։