Քարտը՝ արձակուրդում. ինչպես վճարել արտերկրում և չվճարել ավելին
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Առջևում «թավշյա շրջանն» է, ինչը նշանակում է, որ բանկային քարտը մնում է ճանապարհորդի գլխավոր ֆինանսական ուղեկիցը։ Դրանով հարմար է վճարել հյուրանոցի, տոմսերի, տաքսիի, գնումների և ռեստորանում ընթրիքի համար։ Սակայն արտերկրում նույնիսկ սովորական քարտը կարող է տհաճ անակնկալներ մատուցել՝ կրկնակի փոխարկում (կոնվերտացիա), ոչ շահավետ փոխարժեք, բանկոմատի թաքնված միջնորդավճար, գործարքի արգելափակում կամ խարդախության ռիսկ։
Որպեսզի արձակուրդը չվերածվի ֆինանսական սթրեսի, ավելի լավ է նախապես պատրաստվել արտերկրում քարտի օգտագործմանը։
Հույսը մի դրեք մեկ քարտի վրա

Ուղևորության գլխավոր կանոնն է՝ չհենվել միայն մեկ քարտի վրա։ Նույնիսկ եթե այն հիանալի աշխատում է Հայաստանում, արտերկրում հնարավոր են խափանումներ․ քարտը կարող է չընդունվել տերմինալում, բանկը կարող է գործարքը կասկածելի համարել, բանկոմատը կարող է «կուլ տալ» պլաստիկ քարտը, իսկ վճարային համակարգը կարող է ժամանակավորապես չսպասարկվել տվյալ երկրում կամ առևտրի կետում։
Լավագույն տարբերակն է՝ վերցնել տարբեր բանկերի առնվազն երկու քարտ, իսկ հնարավորության դեպքում՝ տարբեր վճարային համակարգերի։ Մեկը կարելի է օգտագործել ընթացիկ ծախսերի համար, իսկ երկրորդը պահել առանձին՝ որպես պահուստային։
Ընդ որում, չարժե ամբողջ գումարը պահել հիմնական քարտի վրա։ Ավելի լավ է դիվերսիֆիկացնել միջոցները․ մի մասը՝ ամենօրյա վճարումների քարտին, մի մասը՝ պահուստայինին, իսկ մի մասը՝ կանխիկ՝ անվտանգ վայրում։ Ռիսկը նվազեցնելու հնարավոր տարբերակներից է միջոցների մեծ մասը կուտակային հաշվին պահելը, իսկ քարտին՝ միայն օրվա ընթացքում գործառնական ծախսերի համար անհրաժեշտ գումարը։ Առավել ևս, որ ինտերնետի առկայության դեպքում հաշվից հաշիվ փոխանցումը շատ քիչ ժամանակ է խլում, իսկ կուտակային հաշվի միջոցների վրա, որպես կանոն, տոկոսներ են հաշվեգրվում (պայմանները պետք է ճշտել կոնկրետ բանկում)։
Ստուգեք՝ արդյոք քարտը կաշխատի այն երկրում, ուր մեկնում եք
Մեկնելուց առաջ արժե ձեր բանկից ճշտել՝ արդյոք այդ երկրում գործում են սահմանափակումներ գործարքների համար։ Սա հատկապես կարևոր է, եթե դուք մեկնում եք ոչ հայտնի զբոսաշրջային երկրներ կամ պլանավորում եք տարանցում (տրանզիտ) մի քանի երկրներով։
Որոշ քարտեր կարող են աշխատել մի երկրում, բայց չընդունվել մեկ այլ երկրում։ Հնարավոր են նաև սահմանափակումներ առցանց գործարքների, կանխիկացման կամ առևտրի առանձին կատեգորիաների կետերում վճարումների համար։
Օգտակար է նախապես ստուգել սահմանաչափերը. որքան գումար է հնարավոր կանխիկացնել բանկոմատից մեկ օրում, որն է թույլատրելի առավելագույն վճարման չափը, և արդյոք ակտիվացված են առցանց գնումներն ու անհպում վճարումները։
Ընտրեք վճարումը տեղական արժույթով
Զբոսաշրջիկների ամենատարածված սխալներից մեկը համաձայնվելն է վճարել սեփական քարտի արժույթով, եթե տերմինալը կամ բանկոմמատն ընտրություն է առաջարկում:
Օրինակ՝ արտասահմանում տերմինալը կարող է հարցնել՝ վճարել եվրոյով, թե դրամով/դոլարով: Առաջին հայացքից ավելի հարմար է ընտրել ծանոթ արժույթը՝ գումարը միանգամից տեսնելու համար: Բայց շատ դեպքերում դա շահավետ չէ:
Այսպես է աշխատում արժույթների դինամիկ փոխանակումը: Այս դեպքում փոխարժեքը սահմանում է ոչ թե ձեր բանկը, այլ օտարերկրյա վճարային համակարգը կամ սպասարկող բանկը, և այն հաճախ ավելի վատն է լինում: Հետևաբար, դեպքերի մեծ մասում ավելի շահավետ է վճարել այն երկրի տեղական արժույթով, որտեղ գտնվում եք:
Հստակեցրեք կանխիկացման միջնորդավճարը

Նույնիսկ եթե քարտը թույլ է տալիս արտերկրում բանկոմատից գումար կանխիկացնել, դա չի նշանակում, որ գործարքն անվճար է լինելու։ Միջնորդավճարը կարող է գանձվել միանգամից մի քանի կողմերից՝ ձեր բանկի, բանկոմատի սեփականատեր բանկի և վճարային համակարգի կողմից՝ փոխանակման փոխարժեքի միջոցով։
Ուղևորությունից առաջ լավ է հստակեցնել, թե որքան արժե կանխիկի ստացումն արտասահմանում և արդյոք կա նվազագույն միջնորդավճար։ Երբեմն նույնիսկ փոքր գումար կանխիկացնելը ոչ շահավետ է դառնում հենց ֆիքսված գանձման պատճառով։ Եթե կանխիկ գումար է պետք, շատ դեպքերում ավելի լավ է մեկ անգամ ավելի մեծ գումար հանել, քան մի քանի անգամ՝ քիչ-քիչ: Բայց կարևոր է պահպանել հավասարակշռությունը. չարժե չափազանց շատ գումար վերցնել ձեզ հետ։
Հետևեք փոխարժեքին և կրկնակի փոխարկմանը
Միջնորդավճարները հաճախ թաքնվում են ոչ թե առանձին տողում, այլ փոխանակման փոխարժեքում: Օրինակ՝ եթե քարտը բացված է դրամով, և գնումը կատարվում է եվրոյով, գումարը կփոխարկվի բանկի և վճարային համակարգի կանոններով:
Երբեմն հնարավոր է կրկնակի փոխարկում. տեղական արժույթը նախ փոխարկվում է մեկ միջանկյալ արժույթի, այնուհետև՝ քարտի արժույթի: Դրա պատճառով վերջնական գումարը կարող է տարբերվել սպասվածից:
Ուղևորությունից առաջ արժե մտածել, թե որ արժույթն է ավելի շահավետ քարտի վրա գումար պահելու համար: Եվրոպայում ճանապարհորդելու համար հարմար է եվրո քարտը, մինչդեռ ԱՄՆ ուղևորությունների համար՝ դոլարային քարտը: Այնուամենայնիվ, չկա համընդհանուր կանոն. շատ բան կախված է կոնկրետ բանկի պայմաններից և դրույթներից:
Վճարման ընթացքում հետևեք քարտին

Արտերկրում, ինչպես և տանը, կարևոր է հետևել, թե որտեղ և ինչպես է կատարվում վճարումը: Ռեստորաններում, խանութներում և հյուրանոցներում ավելի լավ է քարտը չտալ աշխատակցին, ով այն տանում է ձեր տեսադաշտից դուրս: Խնդրեք տերմինալը մոտեցնել ձեզ կամ վճարեք դրամարկղի մոտ:
Հատկապես զգույշ է պետք լինել փոքր առևտրի կետերի, փողոցային փոխանակման կետերի, կասկածելի բանկոմատների և առանց բանկի անվանման տերմինալների նկատմամբ:
Վճարման ժամանակ ցանկալի է ձեռքով ծածկել PIN-կոդի մուտքագրումը, իսկ անհպում վճարման դեպքում՝ ստուգել գումարի չափը տերմինալի էկրանին մինչև գործարքի հաստատումը:
Օգտագործեք ծանուցումներ և սահմանաչափեր
Ելքային գործարքների մասին SMS կամ push-ծանուցումները կասկածելի գործողությունն արագ նկատելու ամենապարզ միջոցներից են: Ուղևորությունից առաջ համոզվեք, որ ծանուցումները միացված են և կաշխատեն արտերկրում:
Օգտակար է նաև սահմանափակումներ դնել գործարքների վրա՝ կանխիկացման օրական սահմանաչափ, առցանց գնումների և խանութներում վճարումների սահմանաչափ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է ժամանակավորապես ավելացնել բանկային հավելվածի միջոցով:
Զգույշ եղեք հանրային Wi-Fi-ի հետ
Արձակուրդում հաճախ է ցանկություն առաջանում միանալ օդանավակայանի, սրճարանի կամ հյուրանոցի անվճար Wi-Fi-ին: Սակայն այդպիսի ցանցերը միշտ չէ, որ անվտանգ են: Դրանցով ավելի լավ է չմտնել բանկային հավելված, չներմուծել քարտի տվյալներ և չկատարել առցանց վճարումներ:
Ֆինանսական գործարքների համար ավելի անվտանգ է օգտագործել բջջային ինտերնետը ռոումինգում: Նաև արժե նախապես թարմացնել բանկային հավելվածը, ստուգել գաղտնաբառը և միացնել բիոմետրիկ մուտքը, եթե այն հասանելի է:
Մի պահեք քարտի լուսանկարը հեռախոսում
Շատերը ամեն դեպքում լուսանկարում են քարտը կամ անձնագիրը։ Բայց եթե հեռախոսը կորչի կամ կոտրվի, նման լուսանկարները կարող են նվեր դառնալ խարդախների համար։
Պետք չէ հեռախոսի «Լուսանկարներ» բաժնում առանց պաշտպանության պահել քարտի համարը, CVV կոդը, PIN կոդը, բանկի գաղտնաբառերը կամ փաստաթղթերի սկանավորված տարբերակները։ PIN կոդը ավելի լավ է հիշել, իսկ քարտի տվյալները՝ պահել միայն անվտանգ հավելվածներում։
Քարտի կորուստ կամ միջոցների կասկածելի ելքագրում
Եթե քարտը կորել է, գողացվել կամ նկատել եք ձեր կողմից չհաստատված կասկածելի գործողություն, պետք է արագ գործել։ Անմիջապես արգելափակեք քարտը բանկային հավելվածի միջոցով կամ զանգահարեք բանկ: Դրանից հետո կարող եք ճշտել, թե հնարավոր է արդյոք վիճարկել գործարքը։
Ուղևորությունից առաջ օգտակար է բանկի կոնտակտները պահպանել ոչ միայն հեռախոսում, այլև առանձին, օրինակ՝ հասանելի վայրում նշումով կամ նոթատետրում: Եթե հեռախոսն էլ կորի, սա կօգնի ավելի արագ կապ հաստատել բանկի հետ:
Ցանկալի է նաև նախապես մանրամասնել՝ հնարավոր է արդյոք հավելվածում վիրտուալ քարտ թողարկել: Որոշ դեպքերում այն կարող է դառնալ ժամանակավոր լուծում, եթե ֆիզիկական քարտը ինչ-ինչ պատճառներով արգելափակվել կամ կորել է:
Կանխիկը դեռ անհրաժեշտ է

Նույնիսկ անկանխիկ վճարումների զարգացած համակարգ ունեցող երկրներում չարժե ամբողջությամբ հրաժարվել կանխիկ դրամից։ Այն կարող է անհրաժեշտ լինել տաքսու, թեյավճարի, փոքր շուկաների, տրանսպորտի, լողափնյա ծառայությունների համար կամ այն վայրերում, որտեղ տերմինալը ժամանակավորապես չի աշխատում։
Ավելի լավ է ունենալ փոքր գումար տեղական արժույթով կամ լայնորեն ընդունված արժույթով, որը կարելի է փոխանակել։ Ընդ որում, չարժե գումարը փոխանակել կասկածելի շահավետ փոխարժեքով պատահական վայրերում։
Ֆինանսական չեք-լիստ ուղևորությունից առաջ
Մեկնելուց առաջ արժե անել մի քանի պարզ քայլ.
- ստուգել քարտի վավերականության ժամկետը,
- ճշտել միջնորդավճարներն ու լիմիտները,
- ակտիվացնել ծանուցումները,
- վերցնել պահուստային քարտ,
- պահպանել բանկի հեռախոսահամարը,
- տեղադրել բանկային հավելվածը և համոզվել, որ այն աշխատում է:
Ուղևորության ընթացքում քարտը պետք է լինի հարմար գործիք, այլ ոչ թե ռիսկի աղբյուր: Որքան լավ հասկանաք վճարումների և կանխիկացման պայմանները, այնքան քիչ կլինի միջնորդավճարների, ոչ շահավետ փոխարժեքի կամ խարդախ սխեմաների պատճառով գումար կորցնելու հավանականությունը:
Գլխավորը
Արտերկրում քարտով վճարելն ավելի անվտանգ է, եթե նախօրոք ստուգեք բանկի պայմանները, ընտրեք վճարումը տեղական արժույթով, չօգտվեք կասկածելի բանկոմատներից, վերահսկեք գանձումները և բոլոր գումարները չպահեք մեկ քարտի վրա: Իսկ կանխիկի փոքր գումարը և պահուստային քարտը կօգնեն հանգիստ հաղթահարել գրեթե ցանկացած ֆինանսական անակնկալ և վայելել արձակուրդը:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

