Ինչպես անցկացնել ամառն առանց ֆինանսական անակնկալների. 6 պարզ կանոն հայկական ընտանիքի համար

29.06.2026, 10:54
Ամենախոշոր ամառային ծախսերը միշտ չէ, որ տոմսերն ու հյուրանոցներն են: Հաճախ ընտանեկան բյուջեն աննկատ ծախսվում է մանրուքների վրա, սակայն դրանից խուսափելը դժվար չէ. բավական է իմանալ վեց պարզ կանոն:
Ինչպես անցկացնել ամառն առանց ֆինանսական անակնկալների. 6 պարզ կանոն հայկական ընտանիքի համար

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամենախոշոր ամառային ծախսերը միշտ չէ, որ տոմսերն ու հյուրանոցներն են: Հաճախ ընտանեկան բյուջեն աննկատ ծախսվում է մանրուքների վրա՝ սառը սուրճ աշխատանքի ճանապարհին, տաքսի շոգ եղանակին, ջուր, պաղպաղակ, սրճարաններ, հուշանվերներ և չպլանավորված ժամանց: Առանձին վերցրած՝ այս գումարները սովորական հայկական ընտանիքի համար միանգամայն հասանելի են թվում, բայց արդյունքում դրանք կարող են կուտակվել և հասնել լիարժեք արձակուրդի արժեքին:

Լավ նորությունն այն է, որ դրանից խուսափելը դժվար չէ. բավական է իմանալ վեց պարզ կանոն:

1. Պլանավորեք ոչ միայն արձակուրդը, այլև այն ամենը, ինչ գալիս է դրա հետ միասին

отпуск.jpg

Ուղևորությանը պատրաստվելիս մեր ընտանիքների մեծ մասը հաշվում է տոմսերի և հյուրանոցի արժեքը: Սակայն իրական ծախսերը գրեթե միշտ ավելի բարձր են լինում: Տրանսֆերը, բջջային ինտերնետը, էքսկուրսիաները, հուշանվերները, սրճարանները, լրացուցիչ ժամանցը՝ հենց այս աննկատ կետերն են ավելացնում հանգստի արժեքը ևս 20–30%-ով: Գերածախսից խուսափելու պարզ միջոցը նման ծախսերի համար անմիջապես առանձին գումար նախատեսելն ու չնախատեսված իրավիճակների համար փոքրիկ պահուստ (բյուջեի 10–15%-ը) թողնելն է:

2. Հետևեք ամենօրյա մանրուքներին

Ամառային բյուջեն հազվադեպ է տուժում մեկ խոշոր գնումից: Շատ ավելի հաճախ այն աստիճանաբար «ուտում են» փոքր ծախսերը: Մեկ շիշ սառը ջուր տան ճանապարհին, սառցե սուրճ, պաղպաղակ, սննդի առաքում, տաքսիով երթևեկություն ավտոբուսի փոխարեն՝ այս գնումներից յուրաքանչյուրը մանրուք է թվում: Բայց եթե դրանք դառնում են ամենօրյա սովորություն, ապա երեք ամսվա ընթացքում կուտակվում է բավականին զգալի գումար: Երբեմն բավական է պարզապես սահմանել հարմարավետ լիմիտ նման ծախսերի համար և հետևել դրան:

3. Մի մոռացեք, որ ամռանը թանկանում է նաև կյանքը տանը

Նույնիսկ եթե այս տարի արձակուրդ չի պլանավորվում, ամառային ծախսերը միևնույն է սովորաբար ավելանում են: Շոգ ամառային ամիսներին ավելի հաճախ են աշխատում օդորակիչներն ու օդափոխիչները, աճում են էլեկտրաէներգիայի ծախսերը, ավելանում են ջրի, զովացուցիչ ըմպելիքների և մթերքի առաքման ծախսերը: Մեր շատ հայրենակիցներ նախընտրում են ազատ ժամանակն անցկացնել առևտրի կենտրոններում կամ օդորակիչով սրճարաններում և աննկատ ավելի շատ են ծախսում, քան նախատեսում էին: Այդ պատճառով ամռանն արժե ժամանակ առ ժամանակ վերանայել ընտանեկան բյուջեն, ոչ թե կողմնորոշվել գարնան կամ աշնան սովորական ծախսերով:

4. Վարկ՝ միայն դրա մարման պլանի առկայության դեպքում

кошелек кредитование

Այսօր արձակուրդի համար վարկ կամ վարկային քարտ ձևակերպելը դժվար չէ: Բայց կարևոր է նախապես պատասխանել մի պարզ հարցի. արդյո՞ք հարմար կլինի վճարել այդ պարտքը տուն վերադառնալուց հետո: Եթե ամսական վճարումները լրացուցիչ բեռ չեն ստեղծում ընտանեկան բյուջեի համար, նման գործիքը կարող է միանգամայն արդարացված լինել: Բայց եթե վարկի մարումը ստիպված եք լինելու հետաձգել կամ տեղափոխել հաջորդ ամիսներ, հանգիստը կարող է զգալիորեն ավելի թանկ արժենալ, քան թվում էր սկզբում: Վարկ ձևակերպելուց առաջ արժե ուշադիր ծանոթանալ տոկոսադրույքին, միջնորդավճարներին և վարկային քարտի արտոնյալ ժամանակահատվածի պայմաններին:

5. Տեղ թողեք անակնկալների համար

Ամառը հազվադեպ է անցնում լիովին առանց չնախատեսված ծախսերի: Ուղևորությունից առաջ մեքենայի անսարքությունը, օդորակիչի վերանորոգումը, բժշկական ծախսերը կամ կենցաղային տեխնիկայի հրատապ գնումը կարող են առաջանալ ցանկացած պահի: Հենց այդ պատճառով ֆինանսիստները խորհուրդ են տալիս ունենալ փոքրիկ պահուստ: Նույնիսկ եթե դեռևս չի հաջողվում ձևավորել լիարժեք ֆինանսական անվտանգության բարձիկ, կանոնավոր խնայողությունները կօգնեն խուսափել արտակարգ իրավիճակում պարտքով գումար վերցնելու անհրաժեշտությունից:

6. Ստուգեք ծախսերը գոնե շաբաթը մեկ անգամ

3 Расходы под контролем билайн блокнот

Բյուջեն վերահսկելը շատ ավելի պարզ է, եթե կանոնավոր կերպով նայեք, թե ինչի վրա է ծախսվում փողը: Բավական է շաբաթական մեկ անգամ վերանայել ծախսերը բանկային քարտով կամ բանկի բջջային հավելվածով: Նման սովորությունն օգնում է արագ նկատել, եթե ծախսերը սկսում են գերազանցել պլանավորված մակարդակը, և շտկել դրանք դեռևս մինչև ամսվա վերջ:

Գլխավորը

Ամառը չպետք է վերածվի փորձության ընտանեկան բյուջեի համար: Փոքրիկ պլանավորումը, խելամիտ պահուստը և սեփական ծախսերը ժամանակ առ ժամանակ ստուգելու սովորությունը թույլ են տալիս հանգիստ վայելել արձակուրդը, ուղևորություններն ու հանդիպումները մերձավորների հետ՝ առանց աշնանը տհաճ ֆինանսական անակնկալների:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։