Շաքիում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կդատապարտվի՞ և կմնա՞ Հայաստանում․ Փաշինյանը պարզաբանել է

06.10.2026, 22:28
Վարչապետը նաև նշել է, որ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաև Ադրբեջանում
Շաքիում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կդատապարտվի՞ և կմնա՞ Հայաստանում․ Փաշինյանը պարզաբանել է

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սյունիքի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կարող է Հայաստանում դատապարտվել ազատազրկման և մնալ հանրապետությունում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատապարտվելու է, և իրավական պրոցեսը առանձին է։ Ինքը կարող է դատապարտվել X տարվա ազատազրկման և մնալ Հայաստանի Հանրապետությունում», – ասել է Փաշինյանը «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինծառայողը կմնա Հայաստանում և պատիժը կկրի այստեղ, Փաշինյանը պատասխանել է. «Այո, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է»։

Վարչապետը նաև նշել է, որ ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաև Ադրբեջանում։

«Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել, բայց մեր քրեական գործով ընթացակարգեր տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում», – ասել է նա։

Սյունիքում միջադեպի մասին

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։

ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։

5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։