Փաշինյանի՝ ՌԴ հնարավոր այցի շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ չկան․ Պուտինի օգնական
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ հնարավոր այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, դեռևս չկան նույնիսկ դիվանագիտական շփումներ այդ հարցով: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Տեղեկություն կար, և այդ մասին բոլորին լավ հայտնի է, որ Փաշինյանը ծրագրում է այց Մոսկվա կամ որևէ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել, և, ճիշտն ասած, այդ հարցով դեռևս դիվանագիտական շփումներ չեն եղել», — ասել է Ուշակովը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրան հրավիրել է Մոսկվա՝ երկկողմ օրակարգի և հայ-ռուսական համագործակցության կոնկրետ հարցերի քննարկումը շարունակելու համար:
Փաշինյանը Պուտինի հետ բանակցություններից հետո նույնպես նշել էր, որ կողմերը պայմանավորվել են շարունակել «անկեղծ և կառուցողական զրույցը» Մոսկվա իր սպասվող այցի ընթացքում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այցը տեղի կունենա մինչև 2026 թվականի վերջը:

