Ամառ 2026. որքա՞ն կարժենա հայաստանցիների ընտանեկան հանգիստը ամենապահանջված ուղղություններով (ՈՒՂԵՑՈՒՅՑ)
ԵՐԵՎԱՆ,10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամառային արձակուրդների ամենասպասված փուլը մոտենում է, իսկ ընտանիքների համար գլխավոր հարցերից մեկը նույնն է մնում՝ որտե՞ղ հանգստանալ և որքա՞ն գումար նախատեսել։
Ոմանք ընտրում են Հայաստանի զով ու կանաչ անկյունները, մյուսները՝ ծովն ու «ամեն ինչ ներառված է» (all inclusive) ձևաչափը։
«Նովոստի-Արմենիա»-ն հաշվարկել է, թե մոտավոր որքան կարժենա 7-օրյա ընտանեկան հանգիստn ամենապահանջված ուղղություններով՝ 2 մեծահասակի և 2 երեխայի (մինչև 12 տարեկան) համար հուլիսի կեսերին (7 օր / 6 գիշեր) ։
Բոլոր հաշվարկները ներառում են կացությունը, սնունդը, տրանսպորտը, ընթացիկ վճարներն ու սեզոնային բարձր պահանջարկով պայմանավորված միջին գները։
Հայաստանը կանչում է. այն, ինչ կողքին է, բայց ոչ պակաս հրաշալի
Սևան. հիացմունքի լիճ

Սևանը հենց այդպիսին է՝ բարձրավանդակի խրոխտ գեղեցկուհին, սառցե ջուրը, որն առաջին վայրկյաններին այրում է մաշկը, իսկ արդեն մեկ րոպե անց՝ հիացմունք պարգևում: Երեխաները հիացած են, նրանց հնարավոր չէ դուրս բերել ջրից, թեև այն սառն է: Երեկոյան՝ մանղալ, ածուխների բույր, զրույցներ մինչև գիշեր և աստղեր, որոնք քաղաքում չես տեսնի: Իսկ այժմ՝ հաշվարկ.
- Կացություն (4 անձ)․ 180,000 – 360,000 դրամ (6 գիշերն ափամերձ տնակներում, հյուրատներում կամ քոթեջներում)
- Սնունդ. 100,000 – 150,000 դրամ (տեղական ձկնատեսակներ, խորոված կամ ինքնուրույն պատրաստում)
- Ժամանց. 40,000 – 70,000 դրամ (նավակներ, սկուտերներ)
- Ընդհանուր բյուջե․ 300,000 – 600,000 դրամ
Դիլիջան. լռություն, ուր ցանկանում ես կրկին վերադառնալ

Դիլիջանը պարզապես հանգիստ չէ. այն դանդաղ շնչառություն է: Այստեղ ժամանակն այլ կերպ է հոսում՝ երկար նախաճաշեր հարմարավետ սրճարաններում, անտառային արահետներ, որոնք բուրում են փշատերևով ու խոնավությամբ, և այն զարմանալի զգացողությունը, որ աշխարհը կարող է սպասել: Հաղարծնի և Գոշավանքի վանքերը դարերի լուռ վկաներն են՝ ասես ժայռերի շարունակությունը:
Նման հանգիստը ներառում է.
- Կացություն (4 անձ). 250,000 – 500,000 դրամ (6 գիշեր հարմարավետ հյուրատներում կամ անտառամերձ քոթեջներում՝ ներառյալ նախաճաշը)
- Սնունդ. 120,000 – 180,000 դրամ (ճաշ և ընթրիք Դիլիջանի հայտնի կոլորիտային սրճարաններում ու ռեստորաններում)
· Ժամանց. 40,000 – 70,000 դրամ (պարանների այգի, արշավներ, այցելություններ Հաղարծին, Գոշավանք կամ Պարզ լիճ)
- Ընդհանուր բյուջե․ 400,000 – 730,000 դրամ
Ծաղկաձոր. հարմարավետությունը գնահատողների համար

Ոչ բոլորն են սիրում վայրի հանգիստ վրանի ու խարույկի տեսքով: Երբեմն պարզապես ուզում ես սուզվել լողավազանի մեջ, պառկել շեզլոնգին, իսկ երեխաներն այդ ընթացքում զվարճանում են ճոպանուղում: Ծաղկաձորն ամռանը զովություն է, սպա, հյուրանոցային սպասարկում և հենց այդ առանց հոգսերի հանգստի թեթևությունը:
Ինչ է ներառված բյուջեի մեջ.
- Կացություն (4 անձ). 300,000 – 600,000 դրամ (6 գիշեր բարձրակարգ հյուրանոցում, որտեղ փաթեթի մեջ հաճախ ներառված է լինում նաև լողավազանն ու ՍՊԱ գոտին)
- Սնունդ. 120,000 – 200,000 դրամ (եթե հյուրանոցի փաթեթում միայն նախաճաշն է, կամ քաղաքի սրճարաններից օգտվելու համար)
- Ժամանց. 50,000 – 100,000 դրամ (ճոպանուղի, զիփլայն)
- Ընդհանուր բյուջե․ 500,000 – 900,000 դրամ
Ճանապարհածախս
Հայաստանյան այս ուղղություններով մեկնելիս պետք է հաշվի առնել նաև սեփական մեքենայի վառելիքի կամ տրանսպորտի ծախսը, որը կազմում է միջինը 20,000 – 40,000 դրամ՝ կախված հեռավորությունից:
Միջազգային ուղղություններ կամ այնտեղ, որտեղ սկսվում է ծովը
Բաթումի. քաղաք, որը չի քնում

Բաթումին կարողանում է հմայել առաջին իսկ րոպեից. ծովափնյա ծառուղին կենդանի է ու աղմկոտ՝ լեցուն գիշերային լույսերով, ծովը՝ տաք, վրացական խոհանոցը՝ ախորժաբեր։ Սա ուղղություն է նրանց համար, ովքեր ցանկանում են արտասահման՝ առանց մշակութային շոկի, ամեն ինչ մտերմիկ է, ծանոթ և ողողված հարավային ջերմությամբ։
Իսկ այժմ՝ բյուջեն.
- Տուր-փաթեթ (4 անձ). 350․000 – 500.000 դրամ (ներառում է ուղևորափոխադրումը, 6 գիշեր կացությունը հյուրանոցում կամ հյուրատանը և ապահովագրությունը)
- Սնունդ. 100,000 – 150,000 դրամ
- Ժամանց. 50,000 – 100,000 դրամ
- Ընդհանուր բյուջե․ 500,000 - 750,000 դրամ
Քոբուլեթի. լռություն՝ ծովի մոտ

Նրանց համար, ում Բաթումին չափազանց աղմկոտ է թվում, կա Քոբուլեթին: Ծովը նույնն է, բայց առանց իրարանցման, առանց ամբոխի և զգացողույուն է, որ լողափը պատկանում է միայն քեզ: Իսկ ֆինանսական առումով՝ ավելի բյուջետային է:
- Տուր-փաթեթ (4 անձ). 300,000 – 450,000 դրամ (ներառում է ուղևորափոխադրումը միկրոավտոբուսով կամ գնացքի տոմսեր, 6 գիշեր կացությունը հյուրանոցում կամ հյուրատանը և ապահովագրությունը)
- Սնունդ. 100,000 – 150,000 դրամ
- Ժամանց. 40,000 – 80,000 դրամ
- Ընդհանուր բյուջե․ 440,000 - 680,000 դրամ
Եգիպտոս,. Հուրգադա. մանկական դրախտ՝ ծովի մոտ (All Inclusive)

Հուրգադան այնպիսի հանգիստ է, որտեղ ծնողները գրեթե անելու բան չունեն: Ամեն ինչ ներառված է (All inclusive)՝ սնունդ, ըմպելիքներ, ջրաշխարհ, որտեղ երեխաները պատրաստ են անցկացնել ամբողջ օրը, տաք ծով ու փափուկ ավազ։
Այստեղ հաշվարկն, անշուշտ, այլ է.
- Թռիչք, կացություն, սնունդ. 1,200,000 – 1,550,000 դրամ
- Վիզա. մոտ 50,000 դրամ
- Ժամանց. 80,000 – 150,000 դրամ
- Ընդհանուր բյուջե․ 1,330,000 – 1,750,000 դրամ
Եգիպտոս. Շարմ Էլ Շեյխ. ստորջրյա աշխարհ և հավերժ ամառ (All Inclusive)
Այստեղ ստորջրյա այլ կախարդանք է։ Մարջաններ, վառվռուն ձկներ, դայվինգի յուրօրինակ տպավորություն։ Այս ուղղությունը վերածվում է իսկական արկածի, հատկապես այն ընտանիքների համար, որտեղ առնվազն մեկը սիրում է սուզվել։
Ձեր բյուջեն՝
- Թռիչք, կացություն, սնունդ. 1,300,000 – 1,750,000 դրամ
- Վիզա. չի պահանջվում, եթե Շարմ Էլ Շեյխի սահմաններից դուրս չեք գալիս
- Ժամանց. 100,000 – 180,000 դրամ
- Ընդհանուր բյուջե․ 1,400,000 – 1,930,000 դրամ
Կիպրոս. Լառնակա. մեղմ ծով և փափուկ ավազ

Կան խրոխտ ծովեր, և կան ավելի մեղմերը։ Լառնական հենց այդպիսին է՝ մեղմ ջուր, ոսկե ավազ, հանդարտություն, որը զգացվում է ամեն ինչում։ Կատարյալ ընտրություն փոքրիկներ ունեցող ընտանիքների համար, որտեղ գլխավորն անվտանգությունն ու անդորրն է։
- Տուր-փաթեթ (4 անձ). 1,600,000 – 2,200,000 դրամ (ներառում է ուղիղ թռիչքը Երևանից, տրանսֆերը, 6 գիշեր կացությունը և բժշկական ապահովագրությունը:
- Վիզա. ~100,000 դրամ
- Սնունդ. 150,000 – 250,000 դրամ (տեղական տավերնաներից կամ սուպերմարկետներից օգտվելու համար)
- Ժամանց. 100,000 – 200,000 դրամ
- Ընդհանուր բյուջե․ 1,950,000 - 2,750,000
Հունաստան. Կրետե կղզի, որտեղ հանդիպում են առասպելն ու ծովը

Կրետեն պարզապես կղզի չէ, այն մի ողջ քաղաքակրթություն է բաց երկնքի տակ. հնագույն լաբիրինթոսներ, ձիթենիների պուրակներ, ավազ և մայրամուտ, մի վայր, որտեղ առասպելները վերածվում են իրականության, իսկ իրականությունը հրաշալի երազ է թվում։ Թանկ հաճույք է, բայց այն տարիներ շարունակ մնում են հիշողության մեջ։
- Տուր-փաթեթ (4 անձ). 1,800,000 – 2,500,000 դրամ (ներառում է ուղիղ չարտերային թռիչքը Երևանից, տրանսֆերը, 6 գիշեր կացությունը հյուրանոցում և բժշկական ապահովագրությունը)
- Վիզա. ~150,000 դրամ
- Սնունդ. 180,000 – 270,000 դրամ
- Ժամանց. 120,000 – 220,000 դրամ
- Ընդհանուր բյուջե․ 2,250,000 – 3,100,000 դրամ
Ամառային ճանապարհորդության գլխավոր կանոնը նույնն է՝ վաղ ամրագրումը հաճախ ավելի մեծ խնայողություն է, քան ուղղության ընտրությունը, որ մեծապես կախված է ոչ միայն հնարավորություններից, այլև հանգստի ձևաչափից՝ ծով, բնություն, ակտիվ հանգիստ կամ պարզապես մի քանի օր առօրյայից դուրս։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

