Ինչպե՞ս էկրանների և ԱԲ-ի դարաշրջանում պահպանել տեսողությունը․ հայ ակնաբույժի խորհուրդները (ԲԱՑԱՌԻԿ)
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի /Նովոստի-Արմենիա/․ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ աչքերը փաստացի «հանգստյան օրեր» չեն ունենում․ առավոտյան՝ սմարթֆոնի էկրանը, ցերեկը՝ համակարգիչը, երեկոյան՝ հեռուստացույցը, իսկ գիշերը հեռախոսը հաճախ վերջին բանն է, որ տեսնում ենք քնելուց առաջ։
Ընդ որում, ժամանակակից ակնաբուժությունն արդեն կարողանում է ոչ միայն շտկել կարճատեսությունն ու հեռատեսությունը, այլև փոխարինել ոսպնյակը, ԱԲ-ի (արհեստական բանականության) միջոցով վերլուծել եղջերաթաղանթի պատկերները և աչքերի վիճակով նկատել համակարգային հիվանդությունների նշանները։
Բայց որտե՞ղ է ավարտվում աչքերի սովորական հոգնածությունը և սկսվում խնդիրը։ Հնարավո՞ր է արդյոք այսօր հրաժարվել ակնոցից։ Ի՞նչ է տեղի ունենում տեսողության հետ 40 տարեկանից հետո։ Եվ ընդունա՞կ է արդյոք արհեստական բանականությունը մի օր ախտորոշել բժշկից ավելի շուտ։
Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը, «Նովոստի-Արմենիա»-ն զրուցել է «Գերտես» կլինիկայի ակնաբույժ Հերմինե Զարգարյանի հետ՝ պարզաբանելու համար այս բոլոր հարցերի պատասխանները։
«Նովոստի–Արմենիա» – Այսօր մենք բառացիորեն ապրում ենք էկրանների առջև։ Սմարթֆոնն առավոտյան, համակարգիչը ցերեկը, հեռախոսը երեկոյան։ Արդյո՞ք ժամանակակից մարդն ավելի շատ է սկսել տառապել տեսողության խնդիրներից թվային ապրելակերպի պատճառով։
Հ․ Զարգարյան – Էկրանների հետ տևական աշխատանքը իսկապես կարող է առաջացնել թվային տեսողական լարվածություն՝ աչքերի հոգնածություն, չորություն, անհանգստություն, տեսողության ժամանակավոր մշուշոտում։ Բայց կարևոր է չպարզունակացնել․ չի կարելի ասել, թե հենց սմարթֆոնն է «փչացնում» աչքերը։ Մեծ նշանակություն ունեն մոտ տարածության վրա աշխատելու տևողությունը, ընդմիջումների բացակայությունը, լուսավորության պայմանները և այլ գործոններ։
«Նովոստի–Արմենիա» – Արդյո՞ք արհեստական բանականությունն ու սմարթֆոնները տեսողության համար սկզբունքորեն նոր ռիսկեր են ստեղծում, թե՞ մենք պարզապես բախվել ենք տեսողական ծանրաբեռնվածության ավելի մեծ ծավալի։
Հ․ Զարգարյան – Ավելի շուտ՝ մենք բախվել ենք տեսողական ծանրաբեռնվածության աննախադեպ ծավալի։ Տեխնոլոգիաներն ինքնին տեսողության թշնամին չեն, այլ պահանջում են ճիշտ օգտագործում։ Ուստի այսօր տեսողության հիգիենայի հասկացությունը հատկապես արդիական է դառնում։
40 տարեկանից հետո աչքերը սկսո՞ւմ են ապրել այլ կանոններով
«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ է իրականում տեղի ունենում տեսողության հետ տարիքի հետ։ Ինչո՞ւ է ամբողջ կյանքում մոտ տարածության վրա լավ տեսնող մարդը մի օր հայտնաբերում, որ հեռախոսը ստիպված է ավելի ու ավելի հեռու տանել։
Հ․ Զարգարյան – Առաջ են գալիս տարիքային փոփոխություններ, որոնք կրում են ֆիզիոլոգիական բնույթ, ինչպիսինն օրինակ տարիքային հեռատեսությունն է, փոփոխվում է ոսպնյակի կառուցվածքը և առաջանում է կատարակտ: Կախված համակարգային հիվանդությունների առկայությունից կարող են զարգանալ օրինակ դիաբետիկ և/կամ հիպերտոնիկ անգիոռետինոպաթիաներ (աչքի հիվանդություն, որը տեղի է ունենում դիաբետով հիվանդների մոտ- խմբ.)։
«Նովոստի–Արմենիա» – Ստացվում է՝ 40–45 տարեկանից հետո տեսողության վատացումը պարտադիր չէ՞, որ հիվանդություն լինի։
Հ․ Զարգարյան – Պարտադիր չէ։ Փոփոխությունների մի մասը բնական տարիքային գործընթաց է։ Բայց հենց դրա համար էլ կարևոր է տարբերակել ֆիզիոլոգիական փոփոխությունները հիվանդություններից, որոնք բուժում են պահանջում։
Ակնոցներն այլևս պարտադիր չե՞ն
«Նովոստի–Արմենիա» – Այսօր տպավորություն է ստեղծվում, թե ակնոցներն աստիճանաբար անցյալում են մնում․ լազերային շտկում, արհեստական ոսպնյակներ, նոր ոսպնյակներ։ Որքանո՞վ է իրատեսական, որ մարդն այսօր ամբողջությամբ հրաժարվի ակնոցից։
Հ․ Զարգարյան – Որոշակի դեպքերում դա իսկապես հնարավոր է։ Տեսողության լազերային շտկումը, ինչպես նաև աչքի բնական ոսպնյակի փոխարինումն արհեստականով թույլ են տալիս հրաժարվել ակնոցից, եթե ակնային այլ հիվանդություններ չկան, և պացիենտը համապատասխանում է տվյալ միջամտությանը։
«Նովոստի–Արմենիա» – Լազերային շտկումն այսօր արդեն սովորական և կանխատեսելի ընթացակա՞րգ է, թե՞ այնուամենայնիվ վիրահատություն, որին չի կարելի վերաբերվել որպես կոսմետիկ ծառայության։
Հ․ Զարգարյան – Լազերային շտկումը վիրահատական միջամտություն է և պահանջում է պացիենտների մանրակրկիտ ընտրություն։ Այն սովորաբար իրականացվում է 18-ից 45 տարիքային սահմանում։ 18–21 տարեկանում անհրաժեշտ է համոզվել, որ չկա կարճատեսության աճ։ Հակացուցում կարող են լինել ցանցաթաղանթի հիվանդությունները։ Եթե առկա է կատարակտ, կիրառվում է արդեն այլ վիրաբուժական մոտեցում, թեկուզ տարիքը լինի 18-45-ի սահմանում։
«Նովոստի–Արմենիա» – Իսկ եթե մարդն ունի շատ բարձր աստիճանի կարճատեսություն, լազերային շտկումն իրեն չի համապատասխանո՞ւմ։
Հ․ Զարգարյան – Կան դեպքեր, երբ կախված պացիենտի տվյալներից չենք կարող կատարել լազերային շտկում, օրինակ, շատ բարձր կարճատեսությունների դեպքում՝ -13 և ավելի։ Այդ դեպքում սեփական ոսպնյակը փոխարինվում է արհեստականով: Վերջիններիս տարբերակները բավականին շատ են, և պացիենտը կարող է ակնոց այլևս չկրել անգամ մոտիկի համար։
Ակնո՞ց, թե՞ լինզա․ հավերժ վեճ
«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչն է այսօր նախընտրելի համակարգչով մշտապես աշխատող մարդու համար՝ ակնո՞ց, թե՞ կոնտակտային լինզաներ։
Հ․ Զարգարյան – Երկու տարբերակն էլ կարող են ճիշտ լինել։ Ամեն ինչ կախված է աշխատանքի բնույթից և աչքերի վիճակից։ Եթե աչքերի միջև մեծ տարբերություն կա, կոնտակտային լինզաները կարող են նախընտրելի տարբերակ լինել։ Աչքերի բորբոքային հիվանդությունների դեպքում, ընդհակառակը, ցանկալի է օգտագործել ակնոց։
«Նովոստի–Արմենիա» – Իսկ սխալ ընտրված շտկումն ինքնին կարո՞ղ է խնդիր դառնալ տեսողության համար։
Հ․ Զարգարյան – Այո, ուստի շտկումը պետք է ընտրել լիարժեք հետազոտությունից հետո։
Աչքը կարող է բժշկին պատմել ավելին, քան թվում է
«Նովոստի–Արմենիա» – Ճի՞շտ է, որ ակնաբույժը երբեմն ունակ է աչքերում տեսնել հիվանդության նշաններ, որոնք ընդհանրապես տեսողությանը չեն վերաբերում։ Որքանո՞վ է դա իրական։
Հ․ Զարգարյան – Ակնաբուժական հետազոտության ընթացքում իսկապես կարելի է տեսնել փոփոխություններ՝ կապված, օրինակ, շաքարային դիաբետի կամ հիպերտոնիայի հետ։ Որոշ փոփոխություններ կարող են մատնանշել նաև նյարդաբանական հիվանդություններ, ներառյալ գլխուղեղի նորագոյացությունները կամ ցրված սկլերոզը։
«Նովոստի–Արմենիա» – Այսինքն՝ երբեմն մարդը գալիս է տեսողությունը ստուգելու, իսկ բժիշկը խնդիր է հայտնաբերում օրգանիզմի բոլորովին այլ հատվածո՞ւմ։
Հ․ Զարգարյան – Դա հնարավոր է։ Հենց դրա համար էլ լիարժեք ակնաբուժական հետազոտությունը կարևոր է ոչ միայն տեսողության սրությունը որոշելու համար։
«Նովոստի–Արմենիա» – Ինչո՞ւ են հենց ցանցաթաղանթն անվանում օրգանիզմի անոթային համակարգի յուրօրինակ «պատուհան»։ Ի՞նչ կարող է բժիշկը տեսնել՝ պարզապես նայելով դրան։
Հ․ Զարգարյան – Ցանցաթաղանթում կարելի է տեսնել անոթների փոփոխություններ, որոնք կապված են ոչ միայն աչքի հիվանդությունների, այլև ամբողջ օրգանիզմի վիճակի հետ։ Ուստի ցանցաթաղանթի հետազոտությունը կարող է բժշկին տալ կարևոր լրացուցիչ տեղեկատվություն։
Արհեստական բանականություն․ ի՞նչ կարող է անել այն
«Նովոստի–Արմենիա» – Ընդամենը մի քանի տարի առաջ արհեստական բանականությունը բժշկության մեջ հնչում էր որպես գիտական ֆանտաստիկայի սյուժե։ Այսօր ԱԲ-ն արդեն կարողանում է վերլուծել եղջերաթաղանթի պատկերները։ Ի՞նչ է այն իրականում ունակ անել ակնաբուժության մեջ։
Հ․ Զարգարյան – ԱԲ-ն կարող է օգտագործվել պատկերների վերլուծության, որոշակի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերման համար և որպես օժանդակ գործիք ախտորոշման ժամանակ։
«Նովոստի–Արմենիա» – Իսկ որտե՞ղ է անցնում «ԱԲ-ն օգնում է բժշկին» և «ԱԲ-ն ախտորոշում է դնում» սահմանագիծը։
Հ․ Զարգարյան – Նույնիսկ ամենաժամանակակից տեխնոլոգիաների դեպքում վերջնական գնահատականը պետք է մնա բժշկին։ ԱԲ-ն կարող է լինել լրացուցիչ գործիք, բայց ոչ մասնագետին փոխարինող։
Գազարն իսկապե՞ս «աշխատում է»
«Նովոստի–Արմենիա» – Կա կարծիք․ ուզո՞ւմ ես լավ աչքեր ունենալ՝ գազար կեր։ Մյուսները խորհուրդ են տալիս հապալաս, ձուկ, կանաչեղեն։ Որտե՞ղ է այստեղ իրական գիտությունը, և որտե՞ղ՝ միֆը։
Հ․ Զարգարյան – Այդ մթերքները իսկապես կարող են օգտակար լինել օրգանիզմի և աչքերի համար, բայց դրանց օգտագործումն ինքնին չի երաշխավորում ակնաբուժական հիվանդությունների կանխարգելում։ Ճիշտ սնունդը կարևոր է, բայց այն չի փոխարինում կանխարգելիչ հետազոտություններին և բուժմանը։
Աչքերի հիգիենա և զբոսանք մաքուր օդում
«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ անել, եթե մարդն օրական 8–10 ժամ աշխատում է համակարգչի էկրանի առջև։
Հ․ Զարգարյան – Կարևոր է պահպանել աչքերի հիգիենան, ընդմիջումներ անել յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ և պարբերաբար նայել հեռուն։ Մաքուր օդում զբոսնելը և բավարար քանակությամբ մաքուր ջուր խմելը նույնպես օգտակար են։
Եվ վերջին հարցը՝ ոչ թե բժշկական, այլ մարդկային
«Նովոստի–Արմենիա» – Ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդուն, ով ցանկանում է երկար տարիներ պահպանել լավ տեսողությունը։
Հ․ Զարգարյան – Անցնել կանխարգելիչ ակնաբուժական զննում տարեկան առնվազն մեկ անգամ, ժամանակին կատարել բժշկի նշանակումները և պահպանել տեսողության հիգիենան։

