Աղոթք, բարեգործություն և ժպիտ. Տեր Եսայի քահանա Արթենյանի խորհուրդները Մեծ Պահքի առիթով (ԲԱՑԱՌԻԿ)

27.03.2026, 20:25
Պահքից հետո մարդու մեջ ինչ-որ բան պետք է փոխված լինի, ո՞րն է այդ հոգևոր արդյունքը. Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Աստծուն ընդառաջ գնալու կարևոր պայմանների մասին
Աղոթք, բարեգործություն և ժպիտ. Տեր Եսայի քահանա Արթենյանի խորհուրդները Մեծ Պահքի առիթով (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այժմ գտնվում ենք Մեծ Պահքի շրջանում՝ մի ժամանակահատված, որը քրիստոնյայի համար սոսկ սննդային սահմանափակում չէ, այլ հոգու վերափոխման և Աստծուն ընդառաջ գնալու հնարավորություն։ Ինչպե՞ս ճիշտ ընկալել Պահքի խորհուրդը, ինչո՞ւ է կարևոր սննդակարգի և հոգևոր զսպվածության համադրումը, և ո՞րն է այն հոգևոր արդյունքը, որին պետք է ձգտել Սուրբ Զատկին ընդառաջ։

Այս և այլ հարցերի շուրջ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն՝ Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։

- Տեր Հայր, այժմ Մեծ Պահքի շրջանն է. ո՞րն է այս ժամանակահատվածի բուն իմաստն ու խորհուրդը հավատացյալի համար։

-Պահքի խորհուրդը մեզ համար դեպի Աստված գնալու ճանապարհն է, որն առաջնորդվում է ինքնամաքրմամբ, սխալների սրբագրմամբ և սեփական կյանքին ու ընթացքին անդրադարձ կատարելով։ Սա մի շրջան է, երբ մենք մեր մտքերը, որոշումներն ու քայլերը կենտրոնացնում ենք հոգևոր արթնության վրա։ Թեև այս ամենը կարևոր է մեր ամբողջ կյանքի համար, սակայն տարվա մեջ առանձնացված այս 48 օրերը յուրօրինակ «դպրոց» են մեր հոգին կրթելու և մաքրելու համար, որպեսզի հետագայում ամբողջ տարին ապրենք այդ արժեքներով։

- Շատերը Պահքն ընկալում են զուտ որպես սննդային սահմանափակում։ Ինչպե՞ս տարբերակել Պահքը՝ որպես սննդակարգ և որպես հոգևոր ճգնություն։

-Սննդի տեսակներից հրաժարվելն ինքնանպատակ չէ, բայց այն թերագնահատել պետք չէ։ Հաճախ ասում են՝ «կարևորը հոգևոր պահքն է, սնունդն էական չէ»։ Իրականում սննդակարգը ներքին կարգապահություն է։ Մենք մեզ սննդից չենք զրկում տառապելու համար, այլ այն նպատակով, որ կոփենք մեր կամքը և հասկանանք, որ սնունդը մեր կյանքում առաջնային չէ։ Կարևորը մարդու կենսունակությունն է հոգևոր տեսանկյունից, իր որոշումների, քայլերի տեսանկյունից։ Սննդակարգը մեզ օգնում է կոփել կամքը, զորացնել կամային որակները, որոնք անհրաժեշտ են մեղքերից ու սխալներից հեռու մնալու համար։

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր առողջական կամ աշխատանքային պայմանների պատճառով չեն կարողանում խստորեն հետևել սննդային Պահքին։

- Եկեղեցու կանոնները քարացած դոգմաներ չեն։ Եթե մարդը հիվանդ է, բուժման մեջ է, եթե զինվոր է կամ հղի կին, ապա ազատված է սննդային պահքից, քանի որ ունի համապատասխան սննդակարգի հետևելու կարիք։ Այսինքն, պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել՝ մտածելով, որ Պահքի կանոններին չհետևելը կհանգեցնի Աստծո կողմից պատժի։ Դրանք սնոտիապաշտական դրսևորումներ են։ Աստված մանրախնդիր չէ և մեզ պատժելու առիթներ չի փնտրում։ Սակայն կարևոր է լինել անկեղծ. եթե պայմանները թույլ են տալիս պահել, պետք չէ աշխատանքը որպես պատրվակ օգտագործել։

- Մեծ Պահքի ընթացքում ունենք Միջինքի հանգրվանը։ Ի՞նչ խորհուրդ ունի այն։

-Միջինքը պարզապես ազդարարում է, որ Պահքի կեսն անցավ։ Տարածված սխալ պատկերացում կա, թե այդ օրը պահքը լուծվում է (ավարտվում է, խմբ.), բայց դա այդպես չէ։ Ինձ համար Միջինքը մի պահ դադար առնելու և անցած ճանապարհը վերանայելու առիթ է՝ տեսնելու, թե որտեղ եմ թերացել, որպեսզի երկրորդ կեսն ավելի զգոն շարունակեմ։

-Պահքի շրջանն ավարտվում է Սուրբ Զատիկով։ Ինչպե՞ս ամփոփել այս շրջանը, որպեսզի պատրաստ լինենք ընդունելու Հարության լույսը։

- Ամենամեծ հաղթանակը մեղքերի խոստովանությունն է և սխալները չկրկնելու հաստատակամ որոշումը։ Պահքը չպետք է լինի այսպես՝ «պահեցինք, վերջացավ, հիմա անցնենք մեր նախկին սովորական կյանքին»։ Մենք գալիս ենք Սուրբ Հաղորդություն ստանալու այն հստակ համոզումով և որոշումով, որ մեր սխալներն ու մեղքերը չպիտի կրկնենք։ Այսինքն` այս 48 օրերի ընթացքը մեզ առաջնորդում է ավելի հաղթահարելու մեր սխալները։ Սուրբ Զատիկից հետո մարդու մեջ ինչ-որ բան պետք է փոխված լինի։ Եթե կա ներքին հոգևոր աճ, ուրեմն Պահքը ստացվել է։ Կատարյալ Պահք պահել գոյություն չունի, միշտ էլ կլինեն թերություններ, բայց Հարության տոնը մեզ ուժ է տալիս այդ թերությունները սրբագրելու համար։

-Ո՞րն է այդ ամենակարևոր փոփոխությունը, որ մարդը պետք է զգա իր մեջ Պահքի ավարտին։

- Դա ներքին հոգևոր ուրախությունն է և աստվածային սերը զգալը։ Աստված չի նայում մեր արժանի կամ անարժան լինելուն, նա իր սիրով միշտ ընդառաջ է գալիս մեզ։ Այդ սիրո լույսի ներքո ապրելն է ամենակարևոր արդյունքը։ Դա չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք մեղանչելու։ Իհարկե, լավ կլինի, որ մեղքեր չգործենք, բայց դրանից որևէ մեկը ապահովագրված չէ, պարզապես այդ ամենը պետք է տեսնել աստվածային սիրո լույսի ներքո։ Չէ՞ որ մենք արդեն ունենք այդ օրհնությունն ու լույսը՝ առաջ շարժվելու համար։

-Կարելի՞ է Պահքի շրջանում պսակադրություն անել։

-Կանոնական կամ աստվածաբանական առումով Պահքի շրջանում պսակ չի թույլատրվում, սակայն հաշվի առնելով հովվական հոգածությունը՝ դեռևս Վազգեն Ա Վեհափառի ժամանակներից կա արտոնություն։ Հովվական տեսանկյունից եկեղեցին նախընտրում է օրհնել զույգին, քան զրկել օրհնությունից, եթե հնարավոր չէ պսակադրության օրը փոխել։

-Տեր Հայր, Ձեր հոգևոր փորձառության մեջ ի՞նչն է օգնում Ձեզ մնալ զգոն և ոգեշնչված։

- Ամենակարևոր պայմանը Ավետարանի ընթերցանությունն է և աղոթքը։

-Եվ վերջում, ո՞րն է Ձեր ուղերձը հայ ժողովրդին և ո՞րն է այն 3 կարևոր բանը, որ յուրաքանչյուր հայ պետք է անի այս շրջանում։

- Իմ ուղերձն է՝ լինել անկեղծ սեփական անձի և Աստծո հետ։ Այն հոգևոր արժեքները, որոնք մենք գեներացնում ենք Պահքի ընթացքում, պետք է լինեն մեր ամբողջ կյանքի համար։ Իսկ այն երեք բաները, որ խորհուրդ կտամ յուրաքանչյուրին, հետևյալն են՝ աղոթք, բարեգործություն և ժպիտ։