«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը՝ ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկի, ջրի դեֆիցիտի պատճառների և 11 մլրդ դրամի ներդրումների մասին

02.04.2026, 10:03
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը պարզաբանել է, թե ինչու է փոխվում ջրամատակարարման գրաֆիկը, ինչով է պայմանավորված ջրի դեֆիցիտը, ինչ քայլեր են ձեռնարկվում կորուստների և ապօրինի ջրօգտագործման դեմ
«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը՝ ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկի, ջրի դեֆիցիտի պատճառների և 11 մլրդ դրամի ներդրումների մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի ․/Նովոստի–Արմենիա/․ Ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների և ջրի հնարավոր սահմանափակումների թեման վերջին շրջանում դարձել է հանրային ակտիվ քննարկումների առարկա։

«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը պարզաբանել է, թե ինչու է փոխվում ջրամատակարարման գրաֆիկը, ինչով է պայմանավորված ջրի դեֆիցիտը, ինչ քայլեր են ձեռնարկվում կորուստների և ապօրինի ջրօգտագործման դեմ, ինչպես նաև հայտնում, որ 2025-2026թթ․–ին նախատեսվում է իրականացնել շուրջ 11 մլրդ դրամի ներդրումային ծրագիր։

«Նովոստի-Արմենիա»․ տիկին Շահինյան, վերջին շրջանում լայն հասարակական արձագանք է ստացել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված՝ ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմի անցման ժամանակացույցը։ Այս կապակցությամբ Ջրային կոմիտեն պարտավորեցրել է ընկերությանը դիտարկել ջրամատակարարման անջատման ավելի հավասարակշռված տարբերակ (արդյունքում՝ 7-ի փոխարեն 4 ժամով): Ինչո՞վ էր պայմանավորված սկզբնական գրաֆիկի հրապարակումը, և ո՞ր գործոններ թույլ տվեցին այնուհետև դիտարկել ավելի մեղմ ռեժիմ։

Մ․ Շահինյան․ առաջին հերթին նշեմ, որ Վարձակալության պայմանագրով և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայում բաժանորդներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու որևէ պահանջ չկա։ Տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, հիմնականում ամառային ամիսներին, աննախադեպ շոգ եղանակային պայմաններից, համակարգի տեխնիկական հնարավորություններից ելնելով, ջրաղբյուրների ջրատվության նվազման և աննախադեպ կառուցապատումների (հատկապես Երևան քաղաքում և Երևանամերձ բնակավայրերում) արդյունքում ջրասպառողների թվի աճով պայմանավորված, հրապարակված գրաֆիկում կատարվում են համապատասխան փոփոխություններ։

Նաև ընդգծեմ, որ ջրամատակարարման համակարգում տարեցտարի հասունանում է մի խնդիր, որը պայմանավորված է վերջին տարիներին կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով ամառվա ամիսներին հանրապետությունում գրանցվող աննախադեպ բարձր ջերմաստիճանով և ջրասպառման ծավալների էական աճով, որը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում առաջանում է ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ։

Այս համատեքստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները, խմելու ջրի պաշարներն առավել խնայողաբար օգտագործելու, ջրի օգտագործման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու և այդ ջրաքանակները ևս համակարգ ներգրավելու համար։ Սակայն դեռևս զգալի է օրինազանց ջրօգտագործողների թիվը։ 2025 թվականին հայտնաբերվել է 10․403 խախտում, որոնց ուղղությամբ ընկերությունը տանում է ամենօրյա աշխատանք։

«Նովոստի-Արմենիա»․ որքա՞ն է ներկայումս խմելու ջրի կորուստների մակարդակը (ընդհանուր մատակարարվող ծավալի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ), և որքա՞ն են ֆինանսական կորուստները։ Ի՞նչ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում կորուստների նվազեցման ուղղությամբ։

Մ․ Շահինյան․ չնայած միջոցների և պայմանագրով սահմանափակ ներդրումների՝ ընկերության պարտավորությունը վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի և 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար։ Ընկերությունն իր իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորստի 101․71 մլն խմ կամ 16,44% կրճատում։ Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է 61,23 մլն խմ-ով կամ 52․38%-ով։

Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազեցումներին և բավարարել ակտիվ կառուցապատման (հատկապես Երևանում և հարակից բնակավայրերում) հետևանքով առաջացող նոր ջրասպառումները։ Հետևաբար, գնահատելով քաղաքի ներկայիս տենդենցը՝ ընկերությունը ՀՀ կառավարության և պատկան մարմինների հետ քննարկում է տարեցտարի ջրաղբյուրների ծախսի նվազման և ավելացող ջրապահանջարկի պայմաններում ջրամատակարարման խաթարումներից խուսափելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով Երևան քաղաքի համար ռազմավարական պաշար ունենալու, առկա համակարգերը հզորացնելու և/կամ նորերը կառուցելու, նոր ջրաղբյուրներ ներգրավելու հարցը, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից։

«Նովոստի-Արմենիա»․ ի՞նչ պատճառներով է մի շարք բնակավայրերում մինչև այժմ բացակայում շուրջօրյա ջրամատակարարումը։ Որքանո՞վ է ստեղծված իրավիճակը կապված ենթակառուցվածքներում կատարված ներդրումների ծավալի հետ։

Մ․ Շահինյան․ ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է Վարձատուի ( Ջրային կոմիտեի) և Վարձակալի («Վեոլիա Ջուր» ՓԲԸ) կողմից 2025-2026 թվականներին իրականացնել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագիր։ Սակայն, մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ համակարգի խնդիրների հաշվառմամբ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային փոփոխության մասին։

«Նովոստի-Արմենիա»․ ներկայումս Հայաստանում գործում են ջրի հետևյալ սակագները՝ սոցիալապես անապահով սպառողների համար՝ 180 դրամ, մյուս կատեգորիաների համար՝ 200,42 դրամ 1 խմ-ի համար։ Ինչպե՞ս է հաշվարկվում գործող սակագինը, և արդյո՞ք մոտ ապագայում նախատեսվում են փոփոխություններ։

Մ․ Շահինյան․ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց բաժանորդներից գանձվող սակագների սահմանման քաղաքականությունը ամրագրված է Վարձակալության պայմանագրում, իսկ սակագների ճշգրտման մեխանիզմները՝ ՀԾԿՀ-ի 2016թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ հաստատված Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմաններով: Բացի այդ, ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագնի ճշգրտման մեխանիզմի շրջանակներում սահմանվել են նաև յուրաքանչյուր տարի սակագների վերանայման հետևյալ գործոնները՝մանրածախ ջրամատակարարման ծավալը, տարեկան սղաճը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն։

«Նովոստի-Արմենիա»․ Veolia խումբը ջրամատակարարում է իրականացնում բազմաթիվ զարգացած երկրներում՝ ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան։ Ի՞նչ հիմնական պարամետրերով է (կորուստների մակարդակ, մատակարարման անխափանություն, ցանցում ճնշում, ջրի որակ) Հայաստանում գործող համակարգը համապատասխանում կամ հետ մնում միջազգային պրակտիկայից։

Մ․ Շահինյան․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող համակարգի արդյունավետությունը պետք է համադրել այլ երկրներում սահմանված սակագների և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգրերում տարեկան ներդրվող ֆինանսական միջոցների հետ։ Որևէ այլ երկրում նման սակագնային մեթոդաբանություն չի գործում։ Այնուամենայնիվ մնացած մյուս ցուցանիշներով համակարգը ոչնչով չի զիջում Գրուպի այլ երկրներին։