Քոր, փռշտոց․ քթարտադրություն․ ինչպե՞ս տարբերել գարնանային ալերգիան վիրուսից․ մանկաբույժ-ալերգոլոգը պարզաբանում է

21.04.2026, 13:55
Ինչպե՞ս տարբերել գարնանային ալերգիան վիրուսից և երբ դիմել բժշկի. Խորհուրդներ` մանկաբույժ-ալերգոլոգից
Քոր, փռշտոց․ քթարտադրություն․ ինչպե՞ս տարբերել գարնանային ալերգիան վիրուսից․ մանկաբույժ-ալերգոլոգը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Գարնան գալուստը շատերի համար գեղեցիկ շրջանի սկիզբ է, բայց որոշ մարդկանց մոտ նաև սեզոնային ալերգիաների ակտիվացման շրջափուլ։

Ծաղկափոշին, օդում տարածվող ալերգենները և եղանակային փոփոխությունները կարող են երեխաների մոտ առաջացնել մի շարք տհաճ ախտանիշներ։ Ինչպե՞ս ճանաչել մանկական սեզոնային ալերգիան և ե՞րբ դիմել բժշկի։

«Նովոստի Արմենիա»-ն այս թեմայի շուրջ զրուցել է մանկաբույժ-ալերգոլոգ Լուսինե Ավետյանի հետ։

«Նովոստի Արմենիա» - Որո՞նք են գարնանային ալերգիաների առաջացման հիմնական պատճառները։

Լ․ Ավետյան - Գարնանային ալերգիայի հիմնական պատճառը տարվա այս եղանակին ծաղկող տարբեր բույսերի, ծառերի և խոտաբույսերի ծաղկափոշին է։ Երբ այդ մանր մասնիկները հայտնվում են օդում, որոշ մարդկանց օրգանիզմը սկսում է դրանց արձագանքել որպես օտար և վտանգավոր գործոնի։

Հայաստանի պայմաններում, հատկապես գարնան ակտիվ ծաղկման շրջանում, նման դեպքերը բավական հաճախ են հանդիպում։ Շատ ընտանիքներ սկզբում նույնիսկ չեն հասկանում, որ երեխայի մոտ վիրուսային վարակի նշաններ չեն, այլ ունի գարնանային ալերգիա։ Ծաղկափոշին տեսանելի չէ, սակայն դրա ազդեցությունը կարող է բավական արտահայտված լինել՝ հատկապես այն երեխաների մոտ, որոնց օրգանիզմը զգայուն է շրջակա միջավայրի ալերգենների նկատմամբ։

«Նովոստի Արմենիա» -Ի՞նչ ախտանշաններ են հաճախ հանդիպում երեխաների մոտ՝ որպես ալերգիայի առաջին նշան։

Լ․ Ավետյան - Գարնանային ալերգիան ամենահաճախը սկսվում է քթի փակվածությամբ, քթահոսությամբ, հաճախակի փռշտոցներով, ինչպես նաև քթի, աչքերի, երբեմն նաև կոկորդի շրջանում քորի զգացողությամբ։ Որոշ դեպքերում կարող են միանալ նաև հազը, արցունքահոսությունը կամ մաշկային ցանավորումը։

Երեխաների դեպքում ծնողները հաճախ նկատում են, որ երեխան անընդհատ տրորում է աչքերն ու քիթը, դառնում է անհանգիստ, գիշերը վատ է քնում կամ առավոտյան արթնանում է փակ քթով։ Այս նշանները երբեմն թերագնահատվում են, բայց իրականում կարող են լինել ալերգիայի առաջին և բավական հստակ ազդանշանները։

«Նովոստի Արմենիա» - Ինչպե՞ս կարող է միջավայրի փոփոխությունն ազդել գարնանային ալերգիայի դրսևորումների վրա, եթե, օրինակ, ալերգիա ունեցող անձը փոխում է բնակության երկիրը։

Լ․ Ավետյան - Միջավայրի փոփոխությունը կարող է զգալիորեն ազդել ալերգիայի արտահայտվածության վրա։ Եթե մարդը տվյալ տարածաշրջանում ունի ալերգիա որևէ լայն տարածքում ունեցող բույսի նկատմամբ, ապա տեղափոխվելով այլ երկիր կամ բնակլիմայական գոտի, որտեղ այդ բույսը քիչ է հանդիպում կամ ընդհանրապես չկա, կարող է որոշակի թեթևացում զգալ։

Սակայն դա չի նշանակում, որ ալերգիան ամբողջությամբ վերացել է։ Եթե մարդը վերադառնա նախկին միջավայր, շատ հավանական է, որ ախտանիշները նորից սրվեն։ Բացի այդ, նոր երկրում կամ միջավայրում օրգանիզմը կարող է հանդիպել նաև այլ ալերգենների։ Այսինքն՝ միջավայրի փոփոխությունը երբեմն մեղմում է վիճակը, բայց խնդրի հիմքը չի վերացնում։

«Նովոստի Արմենիա» - Ինչպե՞ս կարելի է տարբերակել գարնանային ալերգիան վիրուսներից, երբ կա հազ, փռշտոց, գրեթե նույն ախտանիշները։

Լ․ Ավետյան - Առաջին հայացքից իսկապես հեշտ չէ տարբերակել՝ խոսքը վիրուսային վարակի մասի՞ն է, թե՞ ալերգիայի։ Երկու դեպքում էլ կարող են լինել փռշտոց, քթահոսություն, քթի փակվածություն, նույնիսկ հազ։

Սակայն կան որոշ հուշող նշաններ։ Օրինակ՝ ջերմության առկայությունն ավելի շատ խոսում է վիրուսային վարակի օգտին, մինչդեռ արտահայտված քորը՝ հատկապես քթի, աչքերի և կոկորդի շրջանում, ավելի բնորոշ է ալերգիային։ Ալերգիայի դեպքում հաճախ նկատվում են նաև երկարատև կամ պարբերաբար կրկնվող ախտանիշներ՝ հատկապես տարվա նույն շրջանում։ Եթե երեխայի մոտ ամեն գարուն նույն գանգատներն են կրկնվում, սա արդեն կարևոր հուշում է։ Իսկ վերջնական տարբերակման համար, անհրաժեշտության դեպքում, օգնության են գալիս ալերգոլոգիական հետազոտությունները։

«Նովոստի Արմենիա» - Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ալերգիայի դրսևորումները։

Լ․ Ավետյան - Շատ կարևոր է մտածել ոչ միայն բուժման, այլև կանխարգելման մասին։ Խորհուրդ է տրվում գարնանային շրջանին ընդառաջ դիմել մասնագետի, հատկապես եթե նախորդ տարիներին արդեն եղել են նման խնդիրներ։ Ճիշտ ընտրված կանխարգելիչ քայլերը կարող են զգալիորեն թեթևացնել գանգատները։

Այս շրջանում օգտագործվում են ախտանիշները մեղմացնող հակաալերգիկ դեղամիջոցներ, բայց կարևոր է նաև առօրյա վարքագիծը․ քամոտ օրերին ցանկալի է հնարավորինս քիչ գտնվել դրսում, տուն վերադառնալուց հետո լվանալ դեմքն ու ձեռքերը, փոխել հագուստը, իսկ հնարավորության դեպքում նաև լվանալ մազերը, որպեսզի ծաղկեփոշին երկար չմնա մարմնի և հագուստի վրա։ Երբեմն այս պարզ քայլերը երեխաների մոտ շատ նկատելի արդյունք են տալիս։

«Նովոստի Արմենիա» - Ինչպիսի՞ սխալներ են հաճախ հանդիպում մարդկանց մոտ, երբ նրանք փորձում են ինքնուրույն բուժվել։

Լ․ Ավետյան - Ամենահաճախ հանդիպող սխալներից մեկն այն է, որ մարդիկ դեղամիջոցները կիրառում են ոչ ճիշտ դեղաչափով կամ ոչ ճիշտ տևողությամբ։ Արդյունքում թվում է, թե բուժումը չի օգնում, և նրանք սկսում են հաճախ փոխել հակաալերգիկ դեղերը։

Մինչդեռ շատ դեպքերում խնդիրը դեղի «վատ» լինելը չէ, այլ սխալ մոտեցումը։ Երբեմն ավելի ճիշտ է ոչ թե դեղը փոխել, այլ մասնագետի հսկողությամբ փոփոխել դեղաչափը կամ բուժման սխեման։ Մյուս տարածված սխալն այն է, որ ծնողները երեխայի մոտ կրկնվող ալերգիկ նշանները երկար ժամանակ համարում են պարզապես մրսածություն և ուշ են դիմում մասնագետի, ինչի հետևանքով երեխան ամիսներ շարունակ ապրում է անհարմար ախտանիշներով, վատ քնով և բերանով շնչառությամբ։

«Նովոստի Արմենիա» - Կարո՞ղ է ալերգիան առաջանալ ավելի հասուն տարիքում, եթե նախկինում չի եղել։ Ի՞նչը կարող է նպաստել առաջացմանը։

Լ․ Ավետյան - Այո, գարնանային ալերգիան կարող է ի հայտ գալ նաև ավելի հասուն տարիքում, նույնիսկ եթե նախկինում մարդը երբեք նման խնդիր չի ունեցել, և ընտանիքում էլ նման պատմություն չի եղել։ Սա բավական տարածված երևույթ է։

Ալերգիայի առաջացմանը կարող են նպաստել շրջակա միջավայրի աղտոտվածությունը, էկոլոգիական փոփոխությունները, օդի որակի վատացումը, սննդամթերքի փոփոխված կառուցվածքը, ինչպես նաև երեխաներին չափազանց ստերիլ պայմաններում մեծացնելու միտումը։ Այսօր ավելի հաճախ ենք տեսնում, որ ալերգիկ հիվանդությունները զարգանում են ոչ միայն ժառանգականության, այլև կենսակերպի և միջավայրի ազդեցությամբ։ Սա հատկապես կարևոր թեմա է նաև Հայաստանում, որտեղ վերջին տարիներին մեծացել է օդի աղտոտվածության և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը մարդկանց առողջության վրա։

«Նովոստի Արմենիա» - Գարնանային ալերգիայի դեպքում որո՞նք են այն լուրջ բարդությունները, որոնց դեպքում արդեն պետք է պարտադիր դիմել բժշկին։

Լ․ Ավետյան - Եթե գարնանային ալերգիայի սովորական ախտանիշներին միանում են հազը, կրծքավանդակում սուլոցը կամ դժվարացած շնչառությունը, անհրաժեշտ է անպայման դիմել մասնագետի, քանի որ սա կարող է հուշել ասթմայի մասին։ Գարնանային ալերգիան երբեմն հենց այս ուղղությամբ էլ կարող է բարդանալ։

Զգոնության տեղիք են տալիս նաև գլխացավերը, քթից մուգ կամ թանձր արտադրությունը, որոնք կարող են խոսել հարքթային խոռոչների բորբոքման մասին։ Երկարատև, չվերահսկվող ալերգիան կարող է բերել նաև հոտառության խանգարման, քնի խանգարումների, մշտական հոգնածության և քթային արյունահոսությունների։ Երեխաների դեպքում այս ամենը երբեմն անդրադառնում է նաև ուշադրության, տրամադրության և նույնիսկ ուսումնական ակտիվության վրա, քանի որ երեխան պարզապես չի կարողանում լիարժեք հանգստանալ և ազատ շնչել։

«Նովոստի Արմենիա» - Ինչո՞վ է տարբերվում գարնանային ալերգիայի ընթացքը երեխաների և մեծահասակների մոտ։

Լ․ Ավետյան - Ընդհանուր առմամբ գարնանային ալերգիայի հիմնական ախտանիշները երեխաների և մեծահասակների մոտ նման են։ Սակայն մանկական տարիքում խնդիրը հաճախ ավելի խորը ազդեցություն կարող է ունենալ, քանի որ երեխաները երկար ժամանակ չեն կարող հստակ նկարագրել իրենց գանգատները, իսկ ծնողները միշտ չէ, որ անմիջապես հասկանում են պատճառը։

Օրինակ՝ մշտական քթի փակվածությունը երեխաների մոտ բերում է բերանով շնչառության, ինչը ժամանակի ընթացքում կարող է ազդել ծնոտի ոչ ճիշտ ձևավորման վրա, առաջացնել դեֆորմացիաներ և կծվածքի փոփոխություն։ Այս պատճառով մանկական ալերգոլոգիայում շատ կարևոր է ոչ միայն ախտանիշների թեթևացումը, այլև դրանց երկարաժամկետ հետևանքների կանխումը։ Երեխայի մշտապես «փակ քիթը» երբեք չպետք է դիտարկել որպես աննշան երևույթ։ 

«Նովոստի Արմենիա» - Գարնանային ալերգիայի դեպքում որո՞նք են ամենաարդյունավետ ժամանակակից բուժման մեթոդները։

Լ․ Ավետյան - Այսօր գարնանային ալերգիայի բուժման մեջ նախընտրելի են վերջին սերնդի դեղամիջոցները, որոնք ավելի արդյունավետ են և միաժամանակ օգնում են հնարավորինս խուսափել անցանկալի կողմնակի ազդեցություններից, օրինակ՝ ավելորդ քնկոտությունից կամ ընդհանուր թուլությունից։

Բայց կարևոր է հասկանալ, որ ժամանակակից բուժումը միայն «որևէ հաբ» ընտրելը չէ։ Արդյունավետ մոտեցումը ներառում է ճիշտ ախտորոշում, ախտանիշների ծանրության գնահատում, անհատական բուժման սխեմա և, անհրաժեշտության դեպքում, նաև հետագա վերահսկում։ Հատկապես երեխաների դեպքում բուժման պլանը պետք է ընտրվի շատ մտածված՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, գանգատների ինտենսիվությունը և կյանքի որակի վրա ազդեցությունը։

«Նովոստի Արմենիա» - Կարո՞ղ է ալերգիան ամբողջությամբ բուժվել, թե՞ այն մշտապես վերահսկման տակ է պահվում։

Լ․ Ավետյան - Գարնանային ալերգիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հետազոտվել և, հնարավորության դեպքում, հստակ հայտնաբերել ալերգենը։ Դա կարևոր է, որովհետև նման դեպքերում հնարավոր է կիրառել ալերգեն-սպեցիֆիկ իմունոթերապիա, որը թույլ է տալիս պայքարել ոչ միայն ախտանիշների, այլև խնդրի պատճառի դեմ։

Սա այն մոտեցումն է, որը կարող է շատ լավ արդյունք տալ և երբեմն բերել նրան, որ ախտանիշները նվազեն ոչ թե փոքր-ինչ, այլ զգալիորեն՝ մինչև 80-90 տոկոս։ Այսինքն՝ ալերգիան միշտ չէ, որ պետք է ընկալել որպես ամբողջ կյանքի անխուսափելի անհարմարություն։ Ճիշտ հետազոտումն ու ժամանակին ընտրված բուժումը կարող են էապես փոխել մարդու, այդ թվում՝ երեխայի, առօրյան և կյանքի որակը։

«Նովոստի Արմենիա» - Գարնանային ալերգիա ունեցողների համար կարո՞ղ են լինել հստակ սննդակարգի խորհուրդներ կամ կենսակերպի փոփոխություններ։

Լ․ Ավետյան - Որոշ մարդկանց մոտ գարնանային ալերգիայի ֆոնին կարող է առաջանալ նաև այսպես կոչված բերանային ալերգիայի համախտանիշ։ Այդ դեպքում որոշակի մրգեր կամ բանջարեղեն օգտագործելուց հետո բերանի խոռոչում կարող է առաջանալ քորի զգացողություն։ Սննդակարգային սահմանափակումները հիմնականում վերաբերում են հենց այս դեպքերին։

Ինչ վերաբերում է կենսակերպին, ապա այստեղ շատ գործնական խորհուրդներ կան։ Քամոտ օրերին ցանկալի է պատուհանները փակ պահել, հնարավորինս քիչ գտնվել դրսում։ Տուն վերադառնալուց հետո կարևոր է լվացվել, փոխել հագուստը և հետևել բնակարանի մաքրությանը։ Երեխաների դեպքում ծնողները հաճախ նկատում են, որ այս պարզ կենցաղային փոփոխությունները զգալիորեն օգնում են նվազեցնել գանգատները։ Ալերգիայի այս շրջանը կարելի է անցկացնել շատ ավելի հանգիստ, եթե ճիշտ տեղեկացված և պատրաստ լինենք։