ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց․ բոլոր ընտրատեղամասերը փակվել են ուղիղ ժամը 20։00–ին

07.06.2026, 20:00
Ուղիղ ժամը 20:00-ին փակվեցին ԱԺ ընտրությունների քվեարկության բոլոր 2005 ընտրատեղամասերը
ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց․ բոլոր ընտրատեղամասերը փակվել են ուղիղ ժամը 20։00–ին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում տեղական ժամանակով ուղիղ ժամը 20:00-ին փակվել են ԱԺ ընտրությունների քվեարկության բոլոր 2005 ընտրատեղամասերը։

9-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում, ժամը 17:00-ի դրությամբ, քվեարկել է 1,244, 957 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,92%-ը։

Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կուսակցությունների թվում են․

  • Ռեֆորմիստների կուսակցություն
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն
  • «Նոր ուժ» կուսակցություն
  • «Միասնության թևեր» կուսակցություն
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։

Ըստ ժամանակացույցի՝ հունիսի 8-ի կեսգիշերից ԿԸՀ-ն կսկսի հրապարակել քվեարկության նախնական արդյունքներն՝ ըստ ընտրատեղամասերի։

Քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կամփոփվեն հունիսի 8-ին մինչև ժամը 20։00-ն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։

ԿԸՀ տեղեկատվությամբ՝ Հայաստանում գործում է 2005 ընտրատեղամաս։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 976 մարդ։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։

Դիտորդների մասին

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ն հավատարմագրել է մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնց թվում են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ ՄԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։